Դեղինի երանգները. թրենդ, որին հետեւում են աստղերը

21:45   22 հուլիսի, 2018

Այս ամառ նորաձեւության աշխարհն, իսկապես, շատ զարմացրեց. 90-ականների գրկից վերադարձան նեղ շրջանակներով արեւային ակնոցները, վինտաժ իրերը, գոտկատեղին ամրացվող պայուսակները:

2018 թվականի գարուն-ամառվա գույնը կարելի է համարձակորոն համարել դեղինը, որը ջերմացրեց ինչպես համաշխարհային աստղերի, այնպես էլ ոճային իգական սեռի ներկայացուցիչների սրտերը, ովքեր մշտապես ցուցամատը պահում են նորաձեւության զարկերակին:

Դեղինի երանգները փայլեցին հանրաճանաչ աստղերի հագին, ու դրանք դարձան պայծառ տրամադրություն հաղորդող վառ պատառիկներ:

Դեղինի նուրբ երանգով վերջերս հանրությանը ներկայացած Մելանիա Թրամփին՝ ԱՄՆ առաջին տիկնոջը, շատերը համեմատեցին հեքիաթային արքայադստեր հետ:



Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքի ընթացքում հյուրերի մեջ առանձնահատուկ փայլով էր շողում հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, որը եւս ընտրել էր «կախարդական» գույնը:



Նրա այս հանդերձանքը էլեգանտության ու սեթեւեթանքի հրաշալի համադրություն է:

Կարծես Ամալի հանդերձանքով ոգեշնչված՝ վերջերս դեղինին նախապատվություն տվեց նաեւ Սասսեքսի դքսուհին՝ Մեգան Մարքլը:



Աշխարհի ամենապահանջված մոդելները, իհարկե, չէին կարող բաց թողնել այս թրենդը:

Իրինա Շեյքը փայլեց սեւ եւ դեղին գույների համադրությամբ թեթեւ զգեստով, իսկ հետո ներկայացավ նուրբ երանգի դեղին, կարմիր գորգին համահունչ, երկարափեշ հանդերձանքով:





Իսկ Էմիլի Ռատաժկովսկին օրերս ընտրել էր դեղինի նուրբ ու պաստելային երանգ, որով բավականին գայթակղիչ տեսք ուներ:



Բրիթնի Սփիրսը, որը վերջերս ակտիվորեն մասնակցում է նորաձեւություն կերտելու գործընթացին, ցույց էր տվել իրեն համապատասխան իդեալական գույնը: Դե, գուշակեք, թե որ գույնի մասին է խոսքը:



20-ամյա աստղ Քայլի Ջենները Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում հանդես էր եկել դեղին հանդերձանքով, որը, ճիշտ է, ավելի շատ հիշեցրել է «Ամբողջ ծանրությամբ» (Breaking Bad) սերիալի գլխվոր հերոսի համազգեստը:



Անցում կատարելով դեպի բիկինիներ՝ ներկայացնենք երկու վառ օրինակ, թե ինչպես է դեղինը ընդգծում մարմնի առեւայրուքը:

Առաջինը սուպերմոդել Քենդալ Ջեններն է՝ Քայլիի ավագ քույրը, որի տեսքը այս լողազգեստով այնքան շլացնող է, որ նա անգամ անհրաժեշտ չի համարել ցույց տալ դեմքը:



Իսկ հաջորդը երգչուհի Ռիտա Օրան է՝ իր գայթակղիչ կերպարով: Երգչուհին իր գունեղ ու պայծառ կերպարը ստացել է ամառային ուրախ գույնի՝ դեղինի միջոցով:



Պետք է նշել, որ Երեւանի փողոցներում եւս վերջին ժամանակահատվածում աճել է դեղինը գերադասողների թիվը: Ի դեպ, վառ գույներին սկսել են նախապատվություն տալ նաեւ տղաները: Սա, հավանաբար, ֆանտաստիկ ու անհավանական կթվար մի քանի տարի առաջ, իսկ այսօր իրականություն է:

Եվ ի վերջո, եթե անգամ Մեծ Բրիտանիայի թագուհին է նախընտրում վառ դեղինը, ապա մեր տղաները տարակուսելու պատճառ չունեն: Համարձակորեն ընտրեք դեղինը: 











                                                            Լուսանկարները՝ Getty, shuterstock, Instagram
                                                                                                               Սյուզի Մսրյան



                                                                                                                     



© NEWS.am STYLE