Emily and Mommy բլոգի գերմանաբնակ հիմնադիրը՝ մայրության եւ երեխայի խնամքի թեմայով իր առաջին գրքի մասին

11:08   25 հուլիսի, 2018

Գերմանիայում բնակվող Մերի Սարիկյանը, որն օրերս Հայաստանում էր, արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ մայրիկ լինելուց բացի, նաեւ հաջողությամբ վարում է  Emily and Mommy անվամբ իր բլոգը, որն Instagram-ում ունի ավելի քան 10 հազար հետեւորդ: Իսկ շատ շուտով Մերին կթողարկի իր առաջին գիրքը՝ «Մայրիկի օրագիրը», որի մասին արդեն խոսել է NEWS.am STYLEուղիղ եթերում:  Հայտնի մայրիկն իր գրքում անդրադարձել է  կնոջ հղիությանը, ծննդաբերությանը, ընտանեկան հարաբերություններին, հետծննդաբերական փուլին ու երեխայի խնամքին վերաբերող հարցերին։

Նրա փոխանցմամբ՝ գրքի գաղափարը հասունացել է մայրանալուց հետո. «Աղջկաս լույս աշխարհ գալուց հետո ամբողջ կյանքս կենտրոնացավ մեկ թեմայի վրա՝ երեխայի խնամք, նոր հոգսեր, պարտականություններ, ընտանեկան նոր կյանք։ Իմ առջև ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը գտնելն այդքան էլ հեշտ չէր։ Սկսեցի ուսումնասիրել տարբեր գրքեր, հաճախել «Մայրիկների դպրոց»,  և ժամանակի հետ զգացի, որ գիտելիքների բավական մեծ պաշար եմ հավաքել։ Նաեւ հասկացա՝ իրական կյանքում միշտ չէ, որ տեսական գիտելիքները սպասված արդյունքն են ունենում։ Սկսեցի միախառնել գիտելիքներս մայրական զգացողություններիս հետ և փորձեցի գտնել ոսկե միջինն ամեն հարցում, և կարծես, ինձ մոտ այնքան էլ վատ չէր ստացվում պահել կին/մայր/արտաքին աշխարհ կապերի միջև հավասարակշռությունը»,-ասում է նա:

 

Մերիի խոսքով՝ իր գիրքը կլինի հանրագիտարան բոլոր մայրերի, առհասարակ, կանանց համար: Մերիի հետ աշխատել են պրոֆեսիոնալ մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Էվաջյանը, մանկաբույժ Արևիկ Մոսինյանը, յոգայի մարզիչ Լենա Դավթյանը, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը և Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ունիվերսիտետ-կլինիկումում աշխատող հայ մանկաբարձուհի Երմոնյա (Ռիմկենե)Սարգսյանը, ում շնորհիվ գրքում անդրադարձ կա նաև միջազգային փորձին: 

«Գրքում անդրադարձել եմ բոլոր թեմաներին, որոնց հնարավոր է՝ առնչվեն կանայք հղիության և ծննդաբերության ընթացքում, ինչպես նաև դրանից հետո մինչև երեխայի տասն ամսականը։ Գրքում կա նաև հնարավորություն, որպեսզի մայրիկներն էլ նշումներ կատարեն, լուսանկարներ փակցնեն և իրենք էլ պահպանեն իրենց հուշերն այս քսան ամիսների ընթացքում»,-ասում է նա։

Մերիի գիրքը լույս կտեսնի սեպտեմբեր ամսին: Առայժմ այն կհրատարակվի միայն հայերենով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE