Nude ոճի դիմահարդարում եւ շեշտված պեպեններ՝ հատուկ NEWS.am STYLE-ի համար (ֆոտո/վիդեո)

13:08   24 հուլիսի, 2018

Սովորաբար ամռան տապին շատերս նախընտրում ենք զերծ մնալ ծանր եւ խիտ դիմահարդարումից՝ հավանությունը տալով Nude եւ No Make Up look-երին: Այդ է պատճառը, որ NEWS.am STYLE-ը՝ դիմելով դիմահարդար Գրայրովնայի օգնությանը, այս անգամ որոշել է ներկայացնել Nude ոճի թեթեւ դիմահարդարում, որն, ի դեպ, շատ թրենդային է համարվում: Դիմահարդարը make up-ին ավելացրել է նաեւ պեպեններ, որոնք այս շրջանում լայն կիրառվում են նորաձեւ ֆոտոշարքերում:

Մինչ դիմահարդարումը սկսելը՝ նա կիսվեց իր խորհուրդով.

«Որպես դիմահարդար՝ խորհուրդ կտամ ամռանն անպայման օգտագործել արեւապաշտպան քսուքներ, թեթեւ տոնային կրեմներ, որպեսզի մաշկը պաշտպանվի արեւի ճառագայթներից: Քանի որ աղջիկներն ու կանայք ձգտում են ունենալ քիչ դիմահարդարում, բայց միեւնույն ժամանակ լինել խնամված եւ գեղեցիկ, այդ պատճառով էլ  մեծամասնությունն ընտրում է Nude ոճը, որը թույլ է տալիս քիչ շպարով լինել ընդգծված եւ գեղեցիկ: Խորհուրդ կտամ լինել խնամված՝ անկախ նրանից շպարված եք, թե ոչ:  Իհարկե, թրենդներն իրենցը թելադրում են, սակայն կա մի բան, որը չես կարող շրջանցել՝ հաճախորդի ցանկությունն ու դիմագծերը, որոնք անտեսել չի կարելի, քանի որ անկախ թրենդներից՝ յուրաքանչյուր կին պետք է շպարվի այնպես, որ դա առաջնահերթ ընդգծի իր բնատուր գեղեցկությունը, հետո նոր միայն լինի թրենդային»:

Խոսելով իր ընտրած դիմահարդարման մասին՝ նա նշեց.

«Ներկայացված է Nude դիմահարդարում, որտեղ շեշտվում են պեպենները, որոնք շատ թրենդային են դարձել այս տարի: Սակայն նման դիմահարդարմամբ խորհուրդ չէի տա գնալ որեւէ խնջույքի կամ երեկույթի: Դրանք առավել հարմար են ֆոտոշարքերի, ֆոտոնկարահանումների համար եւ լայնորեն կիրառվում են նորաձեւության մեջ: Իհարկե, եթե մաքրենք դիմահարդարման միջոցով ավելացրած պեպենները, կունենանք պարզապես առօրյա, թեթեւ, գեղեցիկ դիմահարդարում»:

Իսկ մենք առաջարկում ենք դիմահարդարման ողջ գործընթացին հետեւել մեր պատրաստած տեսանյութի

միջոցով:)

Սյունե Առաքելյան

Մոդել՝ Կարինե Մկրտչյան

       Նկարահանումն իրականացվել է Brow Up Total Look գեղեցկության սրահում      



© NEWS.am STYLE