Top 10 մոդելներ, ովքեր կոտրում են բոլոր կարծրատիպերը

00:35   26 հուլիսի, 2018

Մոդելային բիզնեսն ու նորաձեւությունը սիրում են բազմազանություն: Նույնատիպ դիմագծերը, գեղեցկության մասին արմատացած կարծրատիպերը անցյալում են: News.amSTYLE-ը ներկայացնում է ամենայուրահատուկ արտաքինով Top 10 մոդելներին, ովքեր գրավել են նորաձեւության սիրահարների սրտերն ու աշխարհի պոդիումները:

Շանթել Բրաուն Յանգ

«Թոփ մոդել ամերիկյան ձևով» նախագծի 21-րդ եթերաշրջանին մասնակցելուց հետո Շանթելը ձեռք բերեց հանրաճանաչություն՝ չնայած հազվադեպ հանդիպող հիվանդությանը՝ վիտիլիգոյին:



23-ամյա մոդելին հաջողվել է իր կարծեցյալ թերությունը վերածել իրական առավելության: Շանթելը մասնակցում է աշխարհահռչակ նորաձեւության տների ցուցադրություններին: Նա իսպանական  Desigual բրենդի դեմքն է ու շատ աղջիկների ոգեշնչման աղբյուրը:

Դիանդրա Ֆորեստ

Աֆրոամերիկացի թոփ մոդելի այցեքարտն ալբինիզմն է,որը չափազանց հազվադեպ է հանդիպում մուգ մաշկով մարդկանց մոտ: 28-ամյա Դիանդրան դպրոցական տարիներին հալածվում էր տարեկիցների կողմից, իսկ հիմա լուսանկարվում է հայտնի ամսագրերի համար:



Նա հայտնվել է նաեւ Քանյե Ուեստի «Power» եւ Բեյոնսեի «Pretty Hurts» տեսահոլովակներում:

Էշլի Գրեմ

Տարիներ առաջ, թերեւս, ոչ ոքի մտքով չէր անցնի, որ մի օր 90-60-90 ստանդարտին համապատասխանող մոդելների հետ պոդիումը կկիսեն նաեւ Plus size մոդելները: Էշլին կոտրեց այդ կարծրատիպը՝ դառնալով առաջին պլյուս–չափսի մոդելը, ով հայտնվեց «Sports Illustrated» ամսագրի շապիկին՝ նկարահանվելով «Swimsuit Issue» լողազգեստների ցուցադրման ֆոտոշարքում:



30-ամյա մոդելը հայտնվել է Elle ամսագրի շապիկին։ Նկարահանվել է նորաձևության այնպիսի հանրաճանաչ ամսագրերում, ինչպիսիք են Vogue-ը, Harper's Bazaar–ը եւ Glamour–ը:

Դաֆնա Գրունեվելդ

23-ամյա Դաֆնայի յուրահատուկ արտաքինը ճանապարհ է հարթել նրա համար մոդելային բիզնեսում: Նա արդեն հասցրել է պտտվել ամբողջ աշխարհով, ծանոթանալ հանրաճանաչ մոդելավորողների հետ, լուսանկարվել Calvin Klein-ի, Dior-ի, Miu Miu-ի, Gucci-ի եւ Prada-ի համար:



Նա նույնիսկ դարձել է Dior –ի  Addict բույրի դեմքը: Դաֆնայի արտաքինի յուրահատկությունը թաքնված է նրա շուրթերի ու երազկոտ աչքերի մեջ:

Լաուրա Օ’գրեյդի

Մեր Top 10-ի, թերեւս, ամենաինքնատիպ դեմքերից մեկը Լաուրան է: Աղջկան փոքր տաիքում շատ են վիրավորել սովորականից մեծ ականջների համար:



Հիասթափվելու փոխարեն նա ոտքի է կանգնել ու այսօր իր ներկայությամբ զարդարում է աշխարհի տարբեր պոդիումները:

Դամարիս Գոդրի

Դամարիսի կարիերան դեռ չի հասել իր թեժ կետին ու ամեն ինչ առջեւում է, սակայն նրան հասցրել են նկատել մոդելային խոշոր գործակալությունները:



Նա հասցրել է աշխատել Vogue Italia-ի, Garage Magazine-ի համար: Յուրահատուկ արտաքինն ու համարձակությունը, անկասկած, դեռ շատ դռներ կբացեն այս աղջկա համար:

Լինեյզի Մոնտերո

Եւս մեկ համարձակ մոդել, ով հասցրել է մասնակցել աշխարհի ամենահանրաճանաչ նորաձեւության տների ցուցադրություններին:



Յուրահատուկ գեղեցկությամբ օժտված մոդելը համագործակել է նաեւ Miu Miu-ի Louis Vuitton-ի հետ:

Տես Հոլիդեյ

33-ամյա մոդելը կշռում է 150 կիլոգարմ ու բավականին ինքնավստահ, պահանջված մոդել է:



Տեսը հաճախ է ներկայանում լողազգեստներով, ներքնազգեստով ու կոչ է անում ավելորդ քաշ ունեցող կանանց սիրել իրենց մարմինը եւ ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին իրենք կան:

Մաշա Տելնա

Մեր ցուցակի եւս մեկ կին, ով ապացուցեց, որ գեղեցկությունը սուբյեկտիվ ընկալում է: Այս աղջկա աչքերի մեջ կարելի է խորտակվել:



Դեւոն Աոկի

25-ամյա մոդելի լուսանկարներին նայելիս ստեղծվում է այնպիսի տպավորություն, ասես նա իրական չէ:

Նա անփոխարինելի է հատկապես հատուկ ֆոտոշարքերում, որոնցում ընդգծվում են նրա անկրկնելի աչքերն ու դիմագծերը:



 
                                                                                         Լուսանկարները՝ Instagram

                                                                                        Պատրաստեց Սյուզի Մսրյանը




© NEWS.am STYLE