Իսրայելը կարող է բավարար գումար չունենալ «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման համար

19:10   26 հուլիսի, 2018

Իսրայելը կարող է բավականաչափ գումար չունենալ «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման համար, հայտնում է Times of Israel պարբերականը։  Հայտնի է, որ Լիսաբոնում այս տարի միջազգային մրցույթի հաղթող է դարձել իսրայելցի Նետտա Բարզիլայը, ու համապատասխանաբար 2019-ին միջոցառումը պետք է անցնի Իսրայելում։

Իսրայելական «Կան» հեռուստառադիոհաղորդակցության կորպորացիան նախազգուշացրել է, որ Իսրայելը կարող է զրկվել երգի մրցույթը 2019-ին անցկացնելու իրավունքից, եթե հինգ օրվա ընթացքում եվրոպական կազմակերպիչների հաշվին չփոխանցվի 14 մլն դոլարի չափով գումար։

«Կանի» ղեկավարությունը արդեն նամակ է ուղարկել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, նաև ֆինանսների ու հեռահաղորդակցության նախարարներին։

Ավելի վաղ Նեթանյահուն նախազգուշացրել էր, որ չի ավելացնելու այդ միջոցառման բյուջեն։

Հեռահաղորդակցության նախարարը հեռարձակողին առաջարկել էր վարկ, սակայն «Կանը» մերժել է այդ պայմանները ու փոխարենը խնդրել էր ավելացնել բյուջեն, ինչին կառավարությունը չի ուզում համաձայնել։

Ընդհանուր առմամբ «Եվրատեսիլի» համար Իսրայելը պետք է 40 մլն դոլար ծախսի; Կառավարության կարծիքով՝ «Կանը» պետք է դրա անցկացման համար անհրաժեշտ գումարը վերցնի իր  ամենամյա բյուջեից, որը կազմում է  190 միլիոն դոլար։  



© NEWS.am STYLE