Նիհարողի օրագիրը. ճիշտ ռեժիմ նիհարելու համար

18:09   24 մայիսի, 2013

Ողջո՛ւյն: Դեպի հաջողություն շարժվում եմ խխունջի արագությամբ: Եվ այն պատճառով, որ դադարել եմ հետեւել «Մինուս 60»-ին: Պարզապես ինձ համար դիետա եմ մշակել:

Մինչեւ 12-ն ուտում եմ այն ամենը, ինչ ցանկանում եմ: Մինչեւ ժամը 3-ը փորձում եմ ճաշել առանց հացի: Իսկ ժամը 6-ին՝ մեկ բաժակ կեֆիր կամ մածուն: Օրական նիհարում եմ 50-100 գրամ: Ոչինչ, որ դանդաղ, բայց գոնե քաշ չեմ հավաքում:

Այսօր դիտում էի 4-ամյա վաղեմության լուսանկարներս: Որքան նիհար եմ առանց ավելորդ 37 կիլոգրամի: Ամեն դեպքում, սա հրաշալի խթան է՝ նորից նույն սխալը չկրկնելու համար:

Միակ բանը, որ առայժմ չեմ կարողանում իրականացնել, դիետայի ոսկե կանոնն է. «շատ շարժվել»: Բայց մեկ ամիս հետո խոստանում եմ ավարտել բոլոր գործերս եւ երեկոները փոքրիկիս հետ անցկացնել զբոսայգում:

Եթե երեխաներ ունեք, սկսեք արդեն այսօր: Երեխային հետեւելու ընթացքում ստիպված կլինեք բազմաթիվ անգամներ կռանալ, թեքվել եւ վազել: Ընդ որում, ձեր մկաններին ավելորդ ծանրաբեռնվածությունը չի վնասի: Կարող եք մարզանք կատարել տանը. հիմա համացանցում բազմաթիվ առցանց մարզանքներ կան: Բայց այս դեպքում նույնպես հեշտ չէ ժամանակ գտնել: Այդ պատճառով զբոսնեք: Երկար եւ արագ: Մի կրկնեք երիտասարդ մայրերի սխալը, ովքեր զրուցում են այն ժամանակ, երբ երեխան սայլակում քնած է: Ձեզ անհրաժեշտ է շարժվել: Ցանկացած մարզիչ կասի, որ արագ սպորտային քայլքն ավելի արդյունավետ է այրում կալորիաները մեզ անհրաժեշտ հատվածներում՝ ոտքերին, ազդրերին եւ հետույքին, քան վազքը: Այդ պատճառով երկու ժամ տեւողությամբ մարզումներ՝ առավոտյան եւ երեկոյան. ահա երիտասարդ մայրիկի համար ամենալավ մարզանքը:

Իմ մտերմուհիներից մեկը ծննդաբերությունից 4 շաբաթ անց սկսեց հաճախել ֆիթնես-մարզումների: Փոքրիկը սայլակում խաղաղ քնում էր, իսկ մայրիկը 40 րոպե հատուկ ծրագրով մարզվում: Հիմա պարապմունքներ կան նաեւ մայրերի եւ երեխաների համար միասին (կես տարեկանից մեծ) եւ նույնիսկ ազատ մարզումներ (կարող եք հաճախել այն ժամանակ, երբ ստացվի): Այնպես որ, եթե պատրաստ եք որոշակի գումար տրամադրել կազմվածքը վերականգնելու համար, շատ տարբերակներ կգտնեք:

Գոյություն ունի նաեւ արդյունավետ եւ անվճար վարժություն՝ գոտկատեղի ճարպազանգվածները հեռացնելու համար: Նստեք ոտնաթաթերի վրա եւ ձեր շուրջը (կողքերին եւ հետեւում) լուցկու հատիկներ կամ ատամմաքրիչ լցրեք: Իսկ հիմա հավաքեք դրանք՝ առանց ոտքերի դիրքը փոխելու. աշխատեք իրանով: Տուփը դրեք ձեր առջեւ եւ յուրաքանչյուր առանձին հատիկը վերցնելուց հետո ձգվեք դեպի այն: Վարժությունը 5-7 րոպե է պահանջում, բայց հրաշալի կերպով տաքացնում է գոտկատեղի, ոտքերի եւ ազդրերի մկանները: Դրանից հետո անպայման փորի սեղղման վարժություն կատարեք: Արդյունքը կտեսնեք մի քանի շաբաթ անց: Առայժմ ես միայն այդ կերպ եմ իրավիճակից դուրս գալիս:

Սպասում եմ ձեր արձագանքներին: Դրանք ինձ համար շատ կարեւոր են:

Շնորհակալություն:

Անի



© NEWS.am STYLE