Ֆիլմերի անկման ֆոնին սերիալների արժեւորումը. NEWS.amSTYLE-ի վերլուծությունը

22:10   29 հուլիսի, 2018

2013 թվականին ֆիլմերի ստեղծման վարպետներ Սթիվեն Սփիլբերգը ու Ջորջ Լուկասը հայտարարեցին, որ ապագայում ֆիլմերն իրենց տեղը կզիջեն սերիալներին, իսկ կինոթատրոնների տոմսերի գները կաճեն՝ հասնելով 150 դոլարի: Մարդիկ կսկսեն հաճախել կինոթատրոններ, ինչպես ժամանակին Բրոդվեյի մյուզիքլների էին հաճախում:

Ի՞նչ ենք մենք տեսնում 5 տարի անց: Որքանո՞վ էին ճիշտ վարպետները իրենց մեկնաբանություններում:

Իհարկե, կինոթատրոնների տոմսերի արժեքը 150 դոլար չէ, բայց, այնուամենայնիվ, գնային աճը նկատելի է: Մենք հեշտությամբ ներբեռնում ենք ֆիլմեր, դիտում ենք դրանք տարբեր գաջեթներով: Վերջերս հատկապես շատ են դիտվում զանազան սերիալները: Իսկ ո՞րն է դրա պատճառը:

Վերջին 10 տարիների ընթացքում սերիալները որակական աճ գրանցելուց բացի, նաեւ դարձել են ավելի հասանելի ու դուրս են եկել «Սանտա Բարբարա» կատեգորիայից:



Ամեն բան սկսվեց «Հերոսները», «Փախուստ բանտից», «Դոկտոր Հաուս» եւ «Կորուսյալները» սերիալների գրեթե միաժամանակ էկրան բարձրանալուց:

Այդ սերիալները ապացուցեցին, որ բավարար ֆինանսավորմամբ, գրագետ մտածված սյուժեով, դերասանական փայլուն խաղով հնարավոր է գրավել հանդիսատեսի սիրտը: Իսկ այդ ընթացքում ի՞նչ հունով էր ընթանում ֆիլմարտադրությունը:

Հնարավոր չէ գոնե մեկ ֆիլմի անուն տալ, որը վերջին 15 տարիների ընթացքում է արտադրվել ու որն, իսկապես, կարելի է գլուխգործոց անվանել կամ դասել այնպիսի ֆիլմերի շարքին, ինչպես, օրինակ, «ֆորեստ Գամփը», որը բնավ 100-200 մլն. դոլար արժողությամբ բլոկբաստեր չէ:



Կան ֆիլմեր, որոնք իրենց ժանրի մեջ կարելի է համարձակորեն անվանել նորարարական: Օրինակ՝ Քրիստոֆեր Նոլանի՝ Բեթմենի մասին պատմող եռագրությունը, որը ցույց տվեց, որ կոմիքսային հերոսները կարող են բավականին հետաքրքիր, դրամատիկ լինել: Այդ հերոսները դուրս եկան երեխաների համար նախատեսված նկարազարդ էջերից: Այդ եռագրությունն, իհարկե, իրեն ապահովագրեց, բայց այդպիսի օրինակներ գտնելը բավականին բարդ է:

Դիտարկենք անցած 5 տարիներն ու գալիք 5 տարիները. Ի՞նչ է մեզ սպասվում: Թերեւս, արդեն իսկ համբավ ունեցող ֆիլմերի շարունակություններ կամ հաջողություն գրանցած գրքերի էկրանավորումներ: Իսկ որ ավելի վատ է՝ «Աստղային պատերազմների» անհաջող շարունակություններ՝ պրիկվելներով, սիքվելներով ու սփին-օֆերով: Կամ կթողարկվի «Ֆորսաժ» 9-րդ մասը  ու Հարրի Փոթերի պատմության վրա հիմնված՝ Նյուտ Սկամանդերի առանձին պատմությունը:

Խոսքը արդեն ապահովագրված բրենդների մասին է, քանի որ մեր օրերում ֆիլմարտադրողները չունեն ֆիլմը արվեստի գործ դարձնելու մտադրություն: Միակ նպատակը տվյալ ֆիմի միջոցով որքան հնարավոր է շատ գումար վաստակելն է: Կոպիտ ասած՝ 2 ժամ տեւողությամբ ֆիլմը, որի բյուջեն կազմում է 200 մլն. դոլար, ընդամենը երկարատեւ գովազդային հոլովակ է:



Սեփական ստեղծագործության հանդեպ նման վերաբերմունքը, կարելի է ասել, հանգեցնում է որոշ բլոկբաստերների՝ աղմուկով երեւան գալուն: Օրինակ՝

«Արթուր արքայի սուրը», 2017 թվական ,Warner Bros., բյուջեն՝175 մլն., հավաքել է 148 մլն.

«Ապագայի հողը», 2015 թվական, Walt Disney Pictures, բյուջեն՝ 190 մլն., հավաքել է 209 մլն.

«47 ռոնին», 2013 թվական, Universal Pictures, բյուջեն՝ 175 մլն., հավաքել է 149 մլն.

«Միայնակ ռենջերը», 2013 թվական, Walt Disney Pictures, բյուջեն՝ 215 մլն., հավաքել է 260 մլն.

«Ջոն Կարտեր», 2012 թվական, Walt Disney Pictures, բյուջեն՝ 250 մլն., հավաքել է 284 մլն.

«Հան Սոլո. Աստղային պատերազմներ. պատմություն», 2018 թվական,  Walt Disney Pictures, բյուջեն՝ 300 մլն., հավաքել է 388 մլն.



Նշենք, որ ֆիլմերը առնվազն պետք է հավաքեն իրենց բյուջեի կրկնակին, որպեսզի տուժողի դերում չլինեն:

Ֆիլմերի անկման եւս մեկ պատճառ կա՝ կինոթատրոնների այցելությունների կրճատումը: Պարադոքսային է այն, որ կինոթատրոնների թիվն ավելանում է, իսկ հաճախորդներինը՝ պակասում: Օրինակ՝ ԱՄՆ-ում կինոթատրոնի այցելուների թիվը կտրուկ նվազել է. չի հաջողվել գերազանցել 2004 թվականի ռեկորդը, ըստ որի, այցելուները 1.5 մլն էին:

Հիմա վերադառնանք նրան, ինչից սկսել էինք:

2013 թվականին ֆիլմերի ստեղծման վարպետներ Սթիվեն Սփիլբերգը ու Ջորջ Լուկասը հայտարարեցին, որ ապագայում ֆիլմերն իրենց տեղը կզիջեն սերիալներին, իսկ մարդիկ կսկսեն հաճախել կինոթատրոններ՝ բավականին թանկարժեք տոմսերով՝ Բրոդվեյի մյուզիքլների նմանությամբ:

Իսկ թե ինչ է դրան պատասխանում սերիալների աշխարհը, կպատմենք հաջորդ անգամ:



                                                                                Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE