Մասնագետի խորհուրդները. ատամների ճիշտ մաքրում

21:11   24 մայիսի, 2013

Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմակ ատամներ, այլեւ առողջ լնդեր, ամուր էմալ: Ասում են՝ մեր նախնիները հում միս ու բանջարեղեն էին ուտում, եւ նրանց ատամները, որքան զարմանալի է, ուտելու ընթացքում մաքրվում էին: Պարզվում է՝ կոշտ հում բանջարեղենը մաքրում է ատամները մանրէների փառից եւ սննդի մնացորդներից: Բայց մեր ժամանակներում նախընտրում ենք ուտել ածխաջրերով հարուստ փափուկ ուտելիք: Ատամները չեն մաքրվում, հակառակը, ձեռք են բերում հաստ շերտով մանրէների փառ եւ փչանում են սննդի մեջ պարունակվող քիմիական նյութերի ազդեցությունից: Ինչպե՞ս ատամները ճիշտ խնամել եւ մաքրել: Այդ մասին NEWS.am STYLE-ի ընթերցողներին կպատմի ատամնաբույժ Անի Քալանթարյանը:

«Գոյություն ունի ատամները մաքրելու որոշակի սխեմա: Դրան հետեւելով՝ կարելի է արդյունավետորեն մաքրել ատամների բոլոր մակերեսները: Նախ ատամները մաքրում են արտաքին կողմից, հետո անցնում են ներքին հատվածին: Ատամների ներքին մակերեսին հարկավոր է ոչ պակաս ուշադրություն հատկացնել. հենց այդտեղ են շատ հաճախ մնում սննդի մնացորդները: Իսկ հետո արդեն ուշադրություն են դարձնում ծամելու մակերեսին:

Մաքրումը հարկավոր է սկսել առջեւի ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի ներս եւ հակառակ ուղղությամբ: Խոզանակով շրջանաձեւ շարժումներ կատարեք, յուրաքանչյուր ատամին պետք է հատկացնել խոզանակի ոչ պակաս, քան 10 շրջանաձեւ շարժում: Լնդերի տակ մանրէներ ընկնելու վտանգից խուսափելու համար հարկավոր է խոզանակը շարժել լնդերից սկսած եւ դեպի վեր ուղղությամբ: Ատամները մաքրելու ամբողջ գործողությունը հարկավոր է բաժանել երկու մասին. վերին եւ ներքին ծնոտներն առանձնաբար:

Ատամի խոզանակի չափը պետք է համապատասխանի ձեր սեփական չափսերին: Նայեք հայելու մեջ եւ փորձեք հասկանալ երկու մեծ ատամների լայնությունը. խոզանակի լայնությունը չպետք է ավելին լինի: Խոզանակը հաճախ փոխեք. երեք ամսվա ընթացքում խոզանակի մազիկները դյուրաբեկ են դառնում: Ատամի էլեկտրական խոզանակները ծույլերի համար փրկություն են: Այն ինքնուրույն շրջանաձեւ շարժումներ է կատարում, այն էլ՝ 100 անգամ ավելի արագ, քան սովորական խոզանակով մաքրելու դեպքում: Սակայն դա էժան հաճույք չէ: Լավ էլեկտրական խոզանակն արժե 5.000 դրամ, գումարած դրան՝ հարկավոր է նաեւ փոփոխվող գլխիկներ գնել»:



© NEWS.am STYLE