Մասնագետի խորհուրդները. մազերի տոնավորում

19:51   26 մայիսի, 2013

Կարծիք կա, որ մազերի տոնավորումը զգալիորեն անվտանգ է ներկելուց: NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Սիրանուշ Գրիգորյանին՝ խնդրելով պատմել մազերի տոնավորման առավելությունների եւ թերությունների մասին:

«Մազերի տոնավորումը հնարավորություն է տալիս մազերը ներկել ոչ կայուն ներկերով: Այս միջոցն իր առավելություններն ունի: Երբեմն մազերը ներկելուց հետո կանայք դժգոհ են մնում գույնից: Իսկ կայուն ներկի գույնը փոխելը շատ դժվար է: Տոնավորումը դյուրացնում է այդ գործը նրանով, որ անընդհատ կարող եք փոխել ձեր մազերի գույնը: Եվ, հետեւաբար, փոխել ձեր իմիջը: Հենց այս միջոցն է օգնում փորձել բազմաթիվ երանգներ եւ հասկանալ, թե որն է ձեզ ավելի շատ սազում: Շատ աղջիկներ, ովքեր նոր են սկսում ներկել մազերը, նախ մազերի տոնավորում են կատարում, հետո նոր միայն ներկում:

Տոնավորման համար ներկերը հնարավորություն են տալիս ոչ միայն փոխել մազերի գույնը, այլեւ բնական գույնն ավելի հագեցած դարձնել: Այս ներկերում բազմաթիվ օգտակար բաղադրիչներ կան, որոնք օգնում են վերականգնել մազերը, դրանց փայլը, իսկ ամենակարեւորը, որ դրանք չեն փչացնում մազերի կառուցվածքը:

Մազերի տոնավորման գործողությունը մազերի ներկումից չի տարբերվում: Անհրաժեշտ է ներկը հավասարաչափ քսել մազերին եւ պահել 40-50 րոպե: Իսկ դրանից հետո մազերը պետք է լվանալ գոլ ջրով:

Իսկ որո՞նք են մազերի տոնավորման թերությունները: Ցավոք, շատ կանայք տոնավորման ներկերը չեն տարբերում հինայից եւ նույնիսկ իսկական կայուն ներկից: Եթե գնեք անորակ տոնավորման ներկ, արդյունքը, իհարկե, նույնպես լավ չի լինի: Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս տոնավորման ներկեր գնել միայն գեղեցկության սրահներում: Օգտագործելով վատ ներկ՝ դուք ոչ միայն չեք ստանա ցանկալի գույնը, այլեւ կբախվեք մազաթափման խնդրին»:



© NEWS.am STYLE