Իմ պատմությունը. «Մեր դուստրը շուտով մեկ ամսական կդառնա, իսկ ես չգիտեմ՝ ինչպես շարունակեմ ապրել…»

20:14   24 մայիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

«Ցանկանում եմ պատմել իմ խնդրի մասին: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը խորհուրդ կտա եւ կօգնի հաղթահարել իմ ցավը:

Մենք արդեն մեկ տարի է՝ ամուսնացած ենք: Դրանից առաջ շուրջ 2 տարի հանդիպում էինք: Ես նրան անչափ շատ եմ սիրում, կյանքիցս առավել: Հավանաբար այդ է պատճառը, որ այսքան ցավագին է…

Երբ նրան ասացի, որ հղի եմ, շատ ուրախացավ: Եվ հղիության ամբողջ ընթացքում ոչ մի քայլ չէր հեռանում ինձանից: Ես շրջապատված էի հոգատարությամբ եւ քնքշանքով: Բայց մեր փոքրիկի ծնունդից 2-3 շաբաթ առաջ փոխվեց: Փոքր-ինչ այլ դարձավ: Ես ամեն ինչ բացատրում էի իմ վիճակով եւ կարծում էի, թե ձանձրացրել եմ իմ նվնվոցով եւ վատ ինքնազգացողությամբ:

Այդ շրջանում նա անընդհատ գործերով գնում էր: Ես մենակ էի մնում, հաճախ առանց նրա էի պառկում քնելու: Վերադառնում էր, համբույրով արթնացնում ինձ, եւ մենք գրկախառնված քնում էինք: Ի՞նչ իմանայի, թե ուր է գնում:

Իմ փոքրիկը ծնվեց: Ես կարծես երազում լինեի: Չնայած ծննդաբերության ժամանակ տարած սթրեսին (որոշ հայ բժիշկներ կարողանում են հանուն իրենց օգուտի փչացնել տրամադրությունդ), անսահման երջանկությունն ինձ ոչ մի րոպե չէր լքում: Ինձ հետ նույն հիվանդասենյակում գտնվող աղջիկների ամուսինները տեսության էին գալիս առավելագույնն օրական մեկ անգամ: Իսկ իմ ամուսինը գալիս էր ե՛ւ առավոտյան, ե՛ւ ցերեկը, ե՛ւ երեկոյան: Ծաղիկներ, խաղալիքներ, նվերներ… Թվում էր՝ ի՞նչը կարող է ավելի լավ լինել:

Մի քանի օր անց դստերս հետ տուն վերադարձա: Ամուսինս տունը կարգի էր բերել, ամենուր փուչիկներ էին, ծաղիկներ ու խաղալիքներ, իսկ մուտքը վարդի թերթիկներով էր պատված:

Նա նաեւ օգնում էր խնամել երեխային: Մի քանի ժամը մեկ արթնանում էր, օգնում կերակրել (ինձ կեսարյան հատում էին արել, այդ պատճառով որոշ դժվարություններ կային):

Եվս մեկ շաբաթ անցավ: Եվ հանկարծ, ինչպես գլխին ստացված հարված, նրա բջջայինին զանգ եկավ: Քանի դեռ նա լոգարանում էր, ոչինչ չկասկածելով՝ ես վերցրեցի խոսափողը: Կանացի ձայնը նրան հեռախոսի մոտ կանչեց, իսկ հետո, իմանալով, որ չի կարող մոտենալ, լկտիաբար հետաքրքրվեց. «Իսկ Դուք ո՞վ եք: Ես նրա ընկերուհին եմ»: Հիշում եմ, թե որքան ջանք պահանջվեց, որպեսզի չասեմ, որ նրա կինն եմ: Ասացի, որ քույրն եմ: Ի պատասխան հնչեց. «Իմ անունը Ժենյա է: Շատ հաճելի է: Մենք ***-ի հետ արդեն մեկ ամիս է՝ հանդիպում ենք: Նա չի՞ ասել»: Մի քանի քաղաքավարական խոսքեր մրմնջալով՝ անջատեցի հեռախոսը:

Եվ վերջ: Աշխարհը շուռ եկավ: Այդ ցավն ու հոգեվիճակն անհնար է նկարագրել եւ մոռանալ: Կարծես քեզ վրա ցեխ շպրտեցին եւ մասնատեցին:

Նա դուրս եկավ լոգարանից: Ես ասացի, որ վատ եմ զգում եւ ցանկանում եմ քնել: Նա հագնվեց, համբուրեց եւ դուրս եկավ: Իսկ ես մնացի սենյակում, գրկեցի դստերս եւ սկսեցի արտասվել…

Այսպես ամբողջ օրն անցկացնելով՝ որոշեցի խոսել նրա հետ: Ի պատասխան, նա ամեն ինչ հերքեց եւ սեր խոստովանեց: Ես ցույց տվեցի, թե ներել եմ: Բայց հոգուս ցավը չի հանդարտվում…

Գտա այդ կնոջ հեռախոսահամարը, իմացա, թե ով է: Ամուսինս չի բաժանվում հեռախոսից, իր հետ նույնիսկ զուգարան է տանում:

Ասացեք, ի՞նչ անեմ: Մեր դուստրը շուտով մեկ ամսական կդառնա: Չգիտեմ, մեզ պե՞տք է հայրիկ, ով անընդհատ ստում է»:



© NEWS.am STYLE