Իրավունքներդ երթուղայինով կտրեմ. NEWS.amSTYLE-ի տհաճ փորձառությունը

20:47   31 հուլիսի, 2018

Կարելի է անվերջ նայել երեք բանի` ինչպես է առկայծում կրակը, ինչպես է հոսում ջուրը եւ թե ինչպես է մարդկանց անվերջանալի թվացող շարքը տեղավորվում երթուղային տաքսու մեջ: Այնպիսի տպավորություն է, որ այն ոչ թե 13, այլ 113 հոգու համար է նախատեսված: Ամենավատն այն չէ, որ շնչելու օդն անգամ չի բավարարում երթուղայինում, այլ այն, որ դա մեզ համար սովորական է դարձել:

Տհաճ է, երբ քեզ կարող են հրել, ոտքդ կոխրճել, անձնական տարածքդ ուղղակիորեն խախտել եւ նույնիսկ ներողություն չխնդրել: Ցավալի է, որ դա դարձել է մեր «ֆոլկլյոր»-ի մի մասը։ Եթե սա մարդկանց իրավունքների խախտում չէ, ապա էլ ինչը կարելի է անվանել իրավունքների խախտում: Մենք, ցավոք, համակերպվել ենք այս ամենի հետ. մարդիկ չգիտեն իրենց իրավունքները կամ վախենում են դրանք պաշտպանել: Օրինակ՝ ըստ ՀՀ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 14-րդ հոդվածի «ա» եւ «գ» կետերի՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ ուղեսրահում արգելվում են` ծխելը, ավտովարորդի եւ ուղեւորների կողմից առաց փոխհամաձայնության երաժշտություն միացնելը ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների ընթացքում:



Բայց իրականությունն այն է, որ գրեթե բոլոր երթուղայիններում էլ ունկնդիր ենք լինում անճաշակ ու անորակ երաժշտության, իսկ վարորդներն էլ շատ հաճախ խախտում են օրենքը եւ ծխում երթուղայինում,իսկ ուղղեւորների՝ ծխախոտը հանգցնելու խնդրանքին ի պատասխան, կոպտում են եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում։



Մոտ մեկ ամիս առաջ երթուղայինում նստած էի վարորդի խցիկի հետնամասի նստարանին: Կիսախարխուլ մեքենայի (նստած ուղղակի աղոթում ես, որ ճանապարհի կեսին շարքից դուրս չգա, ու դու ողջ-առողջ տեղ հասնես) բոլոր կեղտոտ ապակիների վրա փակցված էին «հեռախոսով չխոսել», «հեռախոսով զահլես չտանեք» գրությունները:

Ուշադիր նայում էի այդ սեւ տառերով պաստառներին, երբ հանկարծ նկատեցի, թե ինչպես է վարորդը բարձրաձայն խոսում հեռախոսով. «Չէ, ախպերս հիմա գծի մեջ եմ չեմ կարա...»:



Եւս մեկ անգամ նայեցի պաստառին, այնուհետեւ՝ շուրջս նստած բոլոր լուռ մարդկանց ու որոշեցի այս անգամ չլռել: Հարցրի վարորդին՝ ինչի համար են փակցված այս պաստառները, եթե անգամ ինքը չի կարող պահպանել կարգը: Ի պատասխան նա բղավեց ինձ վրա՝ ասելով, որ դա իմ գործը չէ: Սարսափելին վարորդի բղավելը չէր, այլ այն, որ շրջապատիս բոլոր մարդիկ այդպես էլ լուռ մնացին՝ չհասկանալով, որ նա խախտեց ոչ միայն իմ, այլեւ իրենց իրավունքները:


                                                                                        Պատրաստեց Շողիկ Հովհաննիսյանը



© NEWS.am STYLE