Բլոգ Լի. Երեւանյան տրանսպորտը՝ զբոսաշրջիկների աչքերով

20:10   5 օգոստոսի, 2018

NEWS.am STYLE-ի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ Հայաստանում տրանսպորտի խնդիրը ոչ միայն տեղացիներին է անհանգստացնում, այլեւ զբոսաշրջիկներին: Այս փաստը ավելի մեծ ցանկություն է առաջացնում պարզել՝ ինչպես պետք է կազմակերպվի համակարգը, եւ հատկապես որ խնդիրներին են բախվում զբոսաշրջիկները:

Երեւանը շատ բան է հասցրել տեսնել. տրամվայներ, ավտոբուսներ, տրոլեյբուսներ, երթուղայիններ, մետրո: Մետրոյին շատ չենք անդրադառնա, քանի որ կիսակառույց կայարանների թեման արծարծվում է թե՛ բնակիչների, թե՛ քաղաքապետարանի կողմից:

Այնուամենայնիվ, թվում  է՝ քաղաքի տրանսպորտային զարգացումը կանգ է առել երթուղայինների ի հայտ գալուն զուգահեռ: Համաձայնեք, որ «գազելների» ժամանակն անցել է, նույնիսկ, եթե որոշ ժամանակ դրանք իսկական փրկություն են եղել բնակիչների համար: Շրջանցենք այն, որ երթուղայիններից օգտվողների թիվը անհամեմատելիորեն գերազանցում է դրա մի անկյունում փակցված ձեւական պաստառի թիվը: Ճիշտ այնպես, ինչպես ծխելն արգելող պաստառը չի խանգարում վարորդներին: Տրանսպորտից օգտվելուց առաջ զբոսաշրջիկին մի քանի հարց է հետաքրքրում՝ Որտե՞ղ սպասել, ինչո՞վ երթեւեկել, ու ե՞րբ կբարեհաճեն ժամանել տրանսպորտային միջոցները: Այդ հարցերը հեշտությամբ կգտնեին իրենց պատասխանենրը, եթե լինեին անգլալեզու գրություններ՝ ինչպես ցուցանակի, այնպես էլ տրանսպորտի մեջ:

Ամենահամեղ պատառը որոշել ենք թողնել վերջում: Երեւանյան տաքսիներ. յուրաքանչյուրը, ով առաջին անգամ է ժամանում Հայաստան, զարմանում է տաքսիների մեծաքանակությունից ու վարորդների գրկաբաց ընդունելությունից:  Շատ զբոսաշրջիկներ ուրախությամբ նշում են, որ ծառայության գինն այստեղ համեմատաբար ցածր է: Ունենք այն, ինչ ունենք, սակայն այստեղ եւս բախվում ենք խնդիրների, հատկապես, եթե հարցը վերաբերում է անհատ ձեռներեց տաքսու վարորդներին:

Վարորդներից մեկի խոսքով, եթե ցանկանում եք իրերը տեղավորել բեռնախցիկում, ապա պետք է հավելյալ 500 դրամ վճարեք, քանի որ բեռնախցիկը չի տրամադրվում, ու դա պարզապես լավություն է վարորդների կողմից:

Ինչ խնդիրների էլ որ բախվեն մարդիկ մեր քաղաքում, անհրաժեշտ է հիշել, որ մեր երկիրը բարի ու սրտացավ մարդկանց երկիր է: Հենց նրանք են աշխարհի տարբեր ծայրերի մարդկանց ձգում Հայաստան: Այս ամենը հաշվի առնելով, պետք է հասկանալ, որ տրանսպորտային համակարգը բնականոն կյանքի հիմնական տարրերից է: Մենք պետք է զարգանանք հենց այդ ուղղությամբ, որպեսզի այդ տարրը ավելի բարեկարգ լինի ինչպես տեղացիների, այնպես էլ հյուրերի համար:







                                   Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան, Պարույր Սինյավսկի 



© NEWS.am STYLE