«Անպայման կլինեն նոր հերոսներ եւ նոր պատմություններ». սցենարիստ Անի Մաղաքյանը՝ «Էլենի օրագրի» 2-րդ եթերաշրջանի մասին

15:05   7 օգոստոսի, 2018

«Էլենի օրագիր»-ը հեռուստասերիալի ավարտը տխրեցրեց երկրպագուներին, որոնք սոցիալական ցանցերում դիմում էին հեռուստասերիալի ստեղծագործական անձնակազմին՝ խնդրելով եւս մեկ եթերաշրջան՝ իրենց սիրելի հերոսների մասնակցությամբ: Նրանց ցանկությունն աննկատ չմնաց ստեղծագործական կազմի կողմից. սեպտեմբերին եթերում կլինի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը:

Սցենարական ի՞նչ գիծ է ունենալու նոր եթերաշրջանը, ինչպիսի՞ փոփոխությունների են ենթարկվելու հեռուստադիտողին արդեն հարազատ դարձած հերոսներն ու ինչպե՞ս ստեղծվեց սերիալի շարունակությունը նկարահանելու գաղափարը: NEWS.am STYLE-ը այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ:

Անի, «Էլենի օրագրի» ավարտից հետո Ձեր էջը, կարելի է ասել, գրոհում էին երկրպագուները՝ պահանջելով եւս մեկ եթերաշրջան իրենց սիրելի հերոսների մասնակցությամբ: Հետաքրքիր է՝ արդյոք նրանց պահա՞նջը առիթ հանդիսացավ, որ սկսեք երկրորդ եթերաշրջանը, թե՞ նման մտադրություն դեռ առաջին եթերաշրջանի նկարահանման ընթացքում ունեցել եք:

Առաջին եթերաշրջանի ընթացքում կանխատեսումներ չէինք անում, ավարտին մոտ արդեն քննարկման փուլ մտավ երկրորդ եթերաշրջանը: Սկսեցինք աշխատել հնարավոր զարգացումների վրա: Մտածում էինք, եթե լավ գաղափար լինի, ինչո՞ւ ոչ, կարելի է նաեւ շարունակել սիրված պատմությունը: Երկրպագուների աննկարագրելի ակտիվությունը խթանիչ ուժ էր լավ միտք գտնելու համար: Երբ երկու ամիս շարունակ հազարավոր մարդիկ խնդրում են, պահանջում են ամեն կերպ համոզում ու ոգեւորում են քեզ, դու պարզապես իրավունք չունես դա հաշվի չառնել, իսկ երբ այդ ամենին գումարվում է նաեւ ղեկավարության պահանջը, դու այլևս ետդարձի ճանապարհ չունես:

Գիտեմ, որ սցենարիստները սովորաբար չեն սիրում նախապես բացահայտել ֆիլմի սցենարը, սակայն պետք է խնդրեմ, որ հնարավորության դեպքում մի փոքր փակագծերը բացեք:

Լինելու է այն, ինչ բոլորիս, կամ մեծ մասիս հետ է եղել դպրոցից հետո` նոր կյանք, նոր աշխարհ, նոր շրջապատ: Մեր հերոսները այսուհետ ուսանողներ են, համալսարանական կյանքը հետաքրքիր ու բուռն է, նրանք փորձում են մնալ առաջվանը, փորձում են չկորցնել իրենց «մեծերի աշխարհում», մեզ մնում է հետեւել` արդյոք կհաջողվի՞ հերոսներին մնալ հավատարիմ սեփական երազանքներին, սկզբունքներին եւ սիրուն: Միանգամից փոխվող միջավայրը, ազատությունը, որը տալիս է «մեծ կյանքը», կարող է շփոթեցնել, երբ դու երիտասարդ ես եւ փորձում ես կյանքում գտնել քո տեղը:

Կա՞ն «դասարանցիներ», որոնց հեռուստադիտողը չի տեսնի երկրոդ եթերաշրջանում: Նոր դերասաններ ու կերպարներ ֆիլմում կլինե՞ն:

Մեր հերոսներից մի քանիսի կյանքը այլ ուղով է գնացել, ոմանք մեկնել են երկրից, ոմանք արդեն ընտանիք են կազմել, ոմանք այլ ընտրություն են կատարել, որի արդյունքում ինչ-որ չափով հեռացել են իրենց նախկին ընկերական շրջապատից: Այդպես բոլորիս կյանքում է եղել: Դպրոցից հետո ոչ բոլորին է հաջողվում կապ պահպանել հին ընկերների հետ, անգամ ամենամտերիմիների: Այնպես որ՝ բացակայող կերպարները պարզապես մեզ հուշում են, որ «Էլենի Օրագիրը» չափազանց կյանքոտ պատմություն է, որտեղ մեկը դա ցույց է տալիս իր ներկայությամբ, մյուսը` բացակայությամբ: Անպայման կլինեն նոր հերոսներ, նոր պատմություններ, կարծում եմ՝ պետք է հետաքրքիր լինի նոր կերպարներ բացահայտելը: Հուսով եմ՝ նրանք նույնպես կսիրվեն, եւ հեռուստադիտողը նրանց կընդունի յուրայինի պես:

Երբ մի նախագիծ հաջողության է հասնում, դրա շարունակությունը պետք է չզիջի առաջինին եւ կրկին արդարացնի երկրպագուների սպասելիքները: Այս առումով մեծ պատասխանատվություն զգո՞ւմ եք Ձեր ուսերին:

Պատասխանատվությունը եւ անհանգստությունը շատ մեծ է: Դեռ ոչ մի նախագիծ այսպիսի անհանգստությամբ չէի սկսել: Ամեն դեպքում մենք արել ենք հնարավոր ամեն բան՝ լավ պատմություն, լավ սերիալ ստանալու համար. հուսով եմ՝ կգնահատվի:

Երբ գրում էիք «Էլենի օրագրի» սցենարը, պատկերացնո՞ւմ էիք, որ այն կգրանցի նման հաջողություն:

Պատկերացնում էի, որ կսիրվի, որովհետև ես գրելու ընթացքում արդեն սիրում էի իմ հերոսներին ու սիրում էի իմ պատմությունը, բայց այսքան մեծ սերը, այսպիսի արձագանքը հաճելի անակնկալ էր: Առաջին անգամ զգացի դա, երբ նկատեցի, որ սոցիալական ցանցերում մոտ 300 ֆան էջ ունի սերիալը եւ դրանք շարունակում են ավելանալ: Չգիտեմ` նման բան էլի եղել էր, թե ոչ: Երկրորդ անգամ ապացուցվեց սերիալի հանդեպ հետաքրքրությունը, երբ իմացանք, որ այն չորս ամսվա ընթացքում դարձել էր google որոնողական համակարգի 2017թ-ի ամենաորոնված հայկական սերիալը: Ընդհանրապես նախագիծն սկսելուց առաջ երբեք գուշակություն չեմ անում` հաջողություն կունենա, թե ոչ, պարզապես անում եմ իմ աշխատանքը եւ վստահում եմ նրանց, ում հետ աշխատում եմ:

Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն էր սերիալի հաջողության գրավականը՝ դպրոցականների մասին պատմությո՞ւնը, դերասանական կա՞զմը, թե՞ այլ բաղկացուցիչներ կային:

Ամեն ինչն էլ ազդեցություն ունեցավ: Դերասանները սիրվեցին անմիջապես, նրանց կերպարները վառ էին, իրենք էլ հրաշալի հաղթահարեցին իրենց առաջ դրված խնդիրը: Ընդհանրապես սա թիմային աշխատանք է, որտեղ եթե որեւէ մեկը թերանա, ամբողջ թիմը կզգա դա: Կարծում եմ` «Էլենի օրագրի» ֆենոմենը պայմանավորված է համաձայնեցված, համերաշխ եւ պատասխանատու թիմային աշխատանքով:

Երբ մի նախագիծ ավարտվում է, երկրպագուները շատ ծանր են տանում սիրելի հերոսների հետ բաժանումը, բայց այդ հերոսները առավել հարազատ են հենց սցենարիստին, որովհետեւ հենց նա է ստեղծում նրանց պատմությունները: Ինչպե՞ս եք հաղթահարում հերոսների հետ բաժանումը:)

Ճիշտ եք: Երբեք ոչ ոք սցենարիստի մասին չի մտածում:) Իհարկե, դժվար է բաժանվելը հերոսներից: Նրանք ինձ շատ հարազատ են դառնում, երբեմն անցած նախագծերը նայելիս հուզվում եմ, կարոտում եմ կերպարներին, ովքեր ամիսներ շարունակ ապրել են գլխիս մեջ ինձ հետ միասին:) Օգնում է հաղթահարել ամեն ինչ նոր նախագիծը, երբ նորից ամբողջովին նվիրվում եմ նոր գործին:

Կա՞ մի կերպար, որի մեջ ներդրել էիք  հենց Ձեր կյանքից մի պատմություն:

Այդպիսի մի քանի դրվագներ կային սերիալում: Լիզայի կերպարը, որն, ի դեպ, իմ ամենսիրելի կերպարներից մեկն էր, հաճախ ասում էր այն ամենն, ինչ դպրոցական տարիներին ես անընդհատ մտածում էի, բայց չէի ասում: Իմ հերոսները ինձ հնարավորություն տվեցին խոսելու այն ամենից, ինչը իմ ժամանակ ես երեւի համարձակություն չեմ ունեցել ասելու: Երկրորդ եթերաշրջանում նույնպես մի քանի դեպք, իրադարձություն նախատեսել եմ գրել, որոնք վերցրել եմ իմ ուսանողական տարիներից:

Անի, Ձեզ հաճախ են գրում սերիալի երկրպագուները: Համոզված եմ՝ առաջարկներ եւ ցանկություններ էլ են գրում կապված հերոսների ճակատագրերի հետ: Սցենարը գրելիս լինո՞ւմ է, որ ընդունեք նրանց առաջարկները:

Ոչ, չեմ կարդում նման նամակները, երբ գրում են, որ առաջարկ ունեն սցենարի հետ կապված, խնդրում եմ, որ չուղարկեն: Մենք իտերակտիվ սերիալ չենք նկարահանում, որտեղ հեռուստադիտողի ցանկությունը, կամ առաջարկը կարելի է ներգրավել սյուժեի մեջ: Դա ոչ պրոֆեսիոնալ եմ համարում: Երկրպագուները պետք է հասկանան, որ ես՝ որպես սցենարիստ, ամեն ինչ անում եմ, որ հենց իրենց հետաքրքիր լինի դիտել, էլ ի՞նչ իմաստ ունի միջամտելը:

Ինչպիսի՞ կերպարափոխություններով են ներկայանալու հերոսները հեռուստադիտողին:

Արտաքին փոփոխությունների հետ կապված երկար քննարկումների մեջ են դերասանները ռեժիսորի եւ ոճաբանի հետ, դեռ չգիտեմ ինչ եզրակացության են եկել, բայց ինչ էլ լինի, կարծում եմ՝ կլինի չափի մեջ եւ տեղին: Իմ կարծիքով հեռուստադիտողներն ավելի հետաքրքրությամբ կհետեւեն հերոսների ներքին փոփոխություններին, քան` արտաքին...

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE