Ամերիկահայ դերասան Ռոման Միտիչյանը Կիանու Ռիվզի հետ նոր լուսանկար է հրապարակել եւ խոսել նրա հետ աշխատելու մասին

13:05   9 օգոստոսի, 2018

Հոլիվուդի մեր հայրենակից Ռոման Միտիչյանը Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել աշխարհահռչակ դերասան Կիանու Ռիվզի հետ:

Լուսանկարն արվել է John Wick 3 ֆիլմի նկարահանումների ընթացքում, որտեղ մեր հայրենակիցը հանդես է եկել հոլիվուդյան աստղի հետ:

«Երբ ես հանդիպեցի այս տղային, նա շատ բարի էր, մինչեւ, որ դարձավ չարագործ»,-կատակել է դերասանը՝ նկատի ունենալով ֆիլմում Կիանուի կերպարը: «Հրաշալի մարդ եւ բոլոր ժամանակների մեծագույն դերասան»,-ավելացրել է նա:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում ամերիկահայ դերասանը խոսել էր John Wick 3 ֆիլմի նկարահանումների եւ Կիանու Ռիվզի հետ աշխատելու մասին.

«John Wick 1 ֆիլմում հանդես էի եկել փոքրիկ դերով: Ռեժիսոր Չադ Սթահելսկին իմ մտերիմ ընկերն է: Նա ինձ հրավիրել էր նաեւ նկարահանվել ֆիլմի երկրորդ մասում, սակայն այդ շրջանում նկարահանվում էր «Խոստումը» ֆիլմը, եւ, բնականաբար, ես նախապատվությունը տվեցի «Խոստումը» ֆիլմին, դա քննարկումներից դուրս էր: Երրորդ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ կրկին մտերիմ ընկերներիցս մեկից՝ պրոդյուսեր Ջեֆ Ուաքսմենից: Շատ կարեւորում եմ նշել այս անունները, որովհետեւ նրանք, իսկապես, ինձ առաջնորդել են եւ նրանց հետ աշխատելն, իրոք, շատ կարեւոր էր»,-նշել էր նա, իսկ Կիանու Ռիավզի մասին ասել.

«Հոյակապ անձնավորություն է… Եթե ուսումնասիրել եք նրա կյանքը, տեղյակ կլինեք, թե ինչ դժվարությունների միջով է անցել, սակայն նա շատ պինդ մարդ է: Ի դեպ, նրա հետ կապված մի հետաքքիր պատմություն հիշեցի, որը, միգուցե, քչերին է հայտնի:

«Մատրիցա» ֆիլմի նկարահանումների ժամանակ նրա հետ մարտական տեսարաններից մեկում հանդես եկած տղաները, որոնք 6-7 հոգի կլինեին, վճարվեցին, ինչպես որոշված էր պայմանագրով, սակայն ֆիմից հետո նա այդ տղաներից յուրաքանչյուրին Harley Davidson նվիրեց եւ որոշակի գումար… Հոլիվուդում ոչ բոլորն են այդպես վարվում: Նա մեծատառով անձնավորություն է եւ, իհարկե, հզոր դերասան:

Կիանոյի հետ John Wick 3 ֆիլմում  ունեցել ենք նկարահանման մի քանի օր: Շատ պրոֆեսիոնալ դերասան է՝ նկարահանումներին միշտ պատրաստ էր գալիս, բայց պետք է նշեմ, որ ռեժիսորն էլ իմպրովիզների առումով շատ բաց էր: Կան ռեժիսորներ, որոնք ցանկանում են, որ դերասանը խաղա հենց այն, ինչ գրված է սցենարով, առանց շեղվելու դրանից, սակայն Սթահոլսկին հակառակը՝ դրդում էր, որ իմպրովիզներ կատարեինք: Իրականում այդ մեթոդը շատ լավ է աշխատում, դրա համար շատ եմ սիրում այդպիսի ռեժիսորների: Արդյունքում՝ Կիանուի հետ նոր բաներ էինք հնարում, տարբեր իմպրովիզներ անում: Հաճախ ինքն էր հարցնում՝ արդյոք ճի՞շտ է արտաբերում բառերը ռուսերենով…

Ինչ վերաբերում է տվյալ ֆիլմում իմ դերին՝ մարմնավորում եմ ռուս գնչուի, ինչպես միշտ՝ բացասական կերպարի եմ մարմնավորում, բայց քանի որ ֆիլմը դեռ էկրաններ չի բարձրացել, չեմ մանրամասնի, թե ինչ է պատահում իմ կերպարին ֆիլմի ընթացքում»:



© NEWS.am STYLE