ֆիլմերի թրեյլերներ. Ինչպե՞ս են դրանք ազդում ֆիլմի ընկալման վրա

16:10   12 օգոստոսի, 2018

Թրեյլերը կարճ տեսանյութ է, որը պարունակում է ֆիլմի ամենադիտարժան ու տպավորիչ պահերը, այդպիսով անոնսելով կամ գովազդելով այն:

Սակայն թրեյլերները վերջերս ավելին են, քան ֆիլմի գովազդը: Նույնիսկ կարելի է ասել, որ դրանք կինոարվեստի առանձին ճյուղի են վերածվել: Ամենահետաքրքիրն այն է, որ թրեյլերները խաբելու ու թաքցնելու հատկություն են ձեռք բերել:

Թրեյլերները կարելի է բաժանել երեք տիպերի, բայց մինչ այդ, անդրադառնանք մի քանի փաստի: Հիմնականում թրեյլերները պատրաստում են ոչ թե ֆիլմ ստեղծող ստուդիաները, այլ առանձին ըներությունները: Կան երաժշտական ստուդիաներ, որոնք դրանց համար երաժշտություն են գրում. այնպես, որ, դուք թրեյլերի ձեր սիրած երաժշտությունը դժվար թե լսեք ֆիլմում:

Թրեյլերի առաջին տեսակը «խաբողն» է: Այդպիսի թրեյլերի վառ օրինակ է «Երկաթե մարդը 3» ֆիլմի թրեյլերը, որում մեզ «խոստանում են», որ ֆիլմը շատ լուրջ է լինելու, դրանում տեղ չի լինելու հումորի համար, իսկ Տոնի Սթարքը պատասխանատու ու լուրջ հերոսի է վերածվելու:



Դիտելուց հետո, սակայն, պարզվում է, որ ֆիլմի ստեղծողներն իրենց ոճին հավատարիմ են մնացել, Տոնի Սթարքին վերածել են ինչ-որ անադեկվատ մարդու, իսկ ֆիլմի բացասական կերպարը դարի ձախողումն է: Այսպիսով, թրեյլերը մեզ խաբել է, քանի որ խոստացել էր Նոլանի պատվիրաններին համապատասխան՝ մռայլ ու իրական պատկերներ:

Թրեյլերների երկրորդ տեսակը անվանենք «սփոյլերներ» (սփոյլեր - - to spoil — «փչացնել »): Դրանցում միանգամից բացահայտվում է կարեւոր սյուժետային ինֆորմացիա, որը զրոի է հավասարեցնում ողջ ինտրիգը:

Այս թրեյլերները դիտելուց հետո այլեւս կարիք չկա դիտել ֆիլմը, քանի որ դիտողը 2 րոպեում իմանում է՝ ինչպես է այն զարգանալու, ու ինչ դեպքեր են լինելու:



Օրինակ՝ «Տերմինատոր 5. Գենեզիս» ֆլմի թրեյլերում ցուցադրվեց այն պահը, երբ մարդկության վերջին հույսն ու ընդվզման լիդերը՝ Ջոն Քոնները, դառնում է տերմինատոր: Սա այն պահն է, երբ մենք կինոթատրոնում նստած պետք է զարմանային ու գոչեինք՝ «Այ քեզ բա՛ն»: Դե ինչ, դրա փախարեն մնում է թոթվել ուսերը:

Հենց այս տեսակն է ֆիլմերի համար ամենավտանգավորը, քանի որ փչացնում է ոչ միայն դիտողի տրամադրվածությունը, այլեւ սպառնում է ֆիլմի հաջողությանը:

Եվ վերջապես, թրեյլերների վերջին տեսակը, որը մենք պայամանականորեն անվանել ենք «համարյա կատարյալ թրեյլերներ» (ոչինչ լիարժեք իդեալական չի լինում):

Այսպիսի թրեյլերները մարքեթինգային մտքի գագաթնակետն են: Դրանք ցույց են տալիս ամեն ինչ, բայց ոչինչ՝ ստեղծելով գրագետ պարադոքս: Նմանօրինակ թրեյլերների ստեղծողները մի ձեռքով երկու ձմերուկ են բռնում՝ գրավում են կինոսերներին, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի հստակ բան չեն բացահայտում:

Թերեւս, այդպիսի թրեյլերներից մեկն էլ «Կարիբյան ծովի ծովահենները 3. Աշխարհի ծայրը» ֆիլմի թրեյլերն է:



Դրանում գրեթե ամեն բան կատարյալ է, այստեղ կան եւ՛ հին, սիրված հերոսները,  եւ՛ նորեր:  Թրեյլերն ակնարկում է, որ լինելու է ավելի մռայլ, սակայն ավանդական դարձած արկածային կոլորիտը ոչ մի տեղ չի կորել: Հոլովակը փոխանցում է մեզ այն մթնոլորտը, որը նաեւ տիրում է ֆիլմում, բայց ոչ մի դեպքում չի բացահայտում կարեւոր դետակները: Հրաշալի ձայնն ու երաժշտությունը ամվողջացնում են հաջողված թրեյլերն ու մեզ ստիպում գնալ ու հենց կինոթատրոնում ծանոթանալ ֆիլմին:

Եվ վերջում կցանկանայինք ընթերցողներից պարզել՝ ֆիլմերի ո՞ր թրեյլերներն են հենց ձեզ համար տպավորիչ եղել: Չէ՞ որ երբեմն դրանք ֆիլմերից ավելի հաջողված են ստացվում:

Մեկնաբանություններում գրեք՝ որ թրեյլերները հենց նոր անցան ձեր մտքով:

Հ.Գ. Նյութի գաղափարի համար առանձնահատուկ շնորհակալություն Գ.Ս.-ին:


                                                                                            Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE