Մասնագետի խորհուրդները. ճակատի երկար մազափունջ

22:06   27 մայիսի, 2013

Վարսահարդարության արվեստի արդիական միտումները խոսում են միեւնույն բանի մասին. նորաձեւ է ճակատի երկար մազափունջը: Սակայն որքանո՞վ է այն ներդաշնակում ձեր դեմքին, արդյո՞ք բոլորին է սազում, առհասարակ այն անհրաժե՞շտ է եւ, ի վերջո, ինչպե՞ս ճիշտ հարդարել: Այս ամենի մասին կպատմի երեւանյան վարսահարդար Հասմիկ Դավթյանը:

«Հայտնի է, որ ճակատի մազափնջով ցանկացած աղջիկ ավելի երիտասարդ տեսք ունի: Բայց քանի որ երկար մազափունջն ուշադրությունն իր վրա է կենտրոնացնում, հարկավոր է իմանալ այն հարդարելու գաղտնիքները: Եթե ձեր մազերն ուղիղ են, ապա անհրաժեշտ է միայն առավոտյան խիտ մազիկներով կլոր խոզանակի օգնությամբ վարսահարդարիչով հարդարել այն:

Գանգուր մազերը նույնպես պետք է հարդարել խիտ մազիկներով, բայց ավելի մեծ տրամագծով խոզանակի օգնությամբ: Թաց մազերը նախապես սանրեք, չորացրեք ու խոնավեցնող եւ ուղղացնող սփրեյ ցողեք:

Իսկ հիմա այն մասին, թե ո՞ւմ է իրականում սազում ճակատի երկար մազափունջը:

Սա կատարյալ տարբերակ է երկար, «ձգված» դեմքի համար: Գլխավորը մազափունջը կտրել այնպես, որ այն շատ նոսր չլինի եւ առանձին փնջերի չբաժանվի:

Դիմագծերը պետք է խոշոր լինեն, հատկապես աչքերը: Լավ է, եթե միաժամանակ բարձր այտոսկրեր ունեք եւ նուրբ կզակ: Լիքը այտերով աղջիկները պետք է խուսափեն ճակատի ուղիղ մազափնջից:

Եթե ձեր մազերը շատ բարակ են եւ յուղայնության հակում ունեն, խորհուրդ կտայի մազափունջ կտրելուց առաջ լավ մտածել: Ձեզ համար դժվար կլինի այն հարդարել այնպես, որպեսզի չցրվի:

Եվ հիշեք, որ ճակատի երկար մազափունջն իր վրա ուշադրություն է կենտրոնացնում: Որպեսզի աչքերը չկորչեն, դրանք մուգ ստվերաներկով ընդգծեք»:



© NEWS.am STYLE