«Այս կյանքում էլ չեմ ամուսնանա». Ջուսը՝ ամուսնության առաջարկ ստանալու եւ այն մերժելու մասին

12:38   10 օգոստոսի, 2018

Սկանդալային երգչուհի Ջուսը երեկ կրկին հայտնվեց համացանցի քննարկումների կիզակետում: Երգչուհին սոցիալական ցանցի իր էջերում լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրում է ամուսնական մատանի: Համացանցում միանգամից լուրեր տարածվեցին այն մասին, որ երգչուհին ամուսնության առաջարկ է ստացել: Խոսակցությունները պարզելու նպատակով NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Ջուսի հետ, որը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման առաջարկ եղել է.

«Դա եղել է մի փաստաբանի կողմից, որն Ուկրաինայից է եւ ինձ երկրպագում է: Բայց, ցավոք, ես նրան մերժեցի եւ ասացի, որ կարող ենք լինել միայն ընկերներ»,-իրեն հատուկ անկեղծությամբ պատասխանեց երգչուհին:

Հարցազրույցներից մեկում Ջուսը նշել էր, որ այլեւս չի պատրաստվում ամուսնանալ: Հարցին՝ արդյո՞ք չի փոխել մտադրությունը, երգչուհին պատասխանեց.

«Ոչ, այս կյանքում էլ չեմ ամուսնանա: Եթե լինի տղամարդ, նա կլինի իմ սիրո ընկերը, բայց ոչ ամուսին»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է երգչուհու ստեղծագործական նորություններին, շատ շուտով նա իր երկրպագուների դատին կհանձնի նոր երգ եւ տեսահոլովակ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ջուսի Facebook-ի էջից

 

 



© NEWS.am STYLE