«Ես վախենում էի կանանցից». Անտոնիո Բանդերասը դարձավ 58 տարեկան (ֆոտո/վիդեո)

17:05   10 օգոստոսի, 2018

Իսպանական ծագում ունեցող հոլիվուդյան հայտնի դերասան Անտոնիո Բանդերասն այսօր՝ օգոստոսի 10-ին, նշում է ծննդյան 58-ամյակը: Նա իր դերասանական կարիերան սկսել է Պեդրո Ալմոդավարի հետ համագործակցությունից, որից հետո հայտնվել է հոլիվուդյան հայտնի նախագծերում՝ «Մարդասպանները», «Հարցազրույց վամպիրի հետ», «Հուսահատը», «Լրտեսների երեխաները», սակայն իսպանացի մաչոյին հատկապես մեծ փառք բերեց «Զորրոյի դիմակը» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր Ալեխանդրոյին: Ֆիլմում նրա խաղընկերուհին գեղեցկուհի Քեթրին Զետա Ջոնսն էր: Թեեւ կինոնկարում Բանդերասը դիմակ էր կրում, որպեսզի իրեն չճանաչեն, այսօր հմայիչ դերասանն իր հանրահայտ դեմքը չի կարող այլեւս թաքցնել ոչ մի դիմակի ետեւում:

Իսկ նրան առավել ցայտուն բացահայտելու նպատակով առաջարկում ենք ընթերցել նրա տարբեր մտքերից մի քանիսը:

«Ակնկալիքը վրդովմունքի մայրն է»:

«Երբ մեծանում ես, շուրջդ ամեն ինչ փոխվում է՝ միտքդ, մարմինդ, աշխարհընկալումդ»:

«Երբեմն առավոտյան ես կնճիռներ եմ ունենում, կախված է, թե ինչպիսին է եղել գիշերը: Բայց ես ընդունում եմ ինձ եւ իմ տարիքը: Իմ աչքերի տակ ես պարկեր ունեմ: Շատ մարդիկ խորհուրդ են տվել դրանք հեռացնել, սակայն ես հրաժարվել եմ»:

«Ամեն առավոտ արթնանում եմ՝ ինքս ինձ հարցնելով՝ արդյոք ես սեքս խորհրդանի՞շ եմ: Հետո գնում եմ նորից պառկելու: Կարծում եմ՝ նման կերպ մտածելն անմտություն է»:

«Կերպարը ոչ ոքին չի պատկանում, նույնիսկ, այն դերասանին, որը նրան մարմնավորում է»:

«Ինչ-որ բան է կատարվում աշխարհում, որը նախկինում չի եղել: Մենք բոլորս դարձել ենք մի մեծ ուղեղ»:

«Ես վախենում էի կանանցից: Երբ երիտասարդ էի, նրանք ինձ սարսափեցնում էին: Բայց կնոջ էությունը բացահայտելը հրաշալի երեւույթ է: Դու երբեք չես դադարում սովորել նրանց մասին»:

«Ամեն առավոտ ես զբաղվում եմ յոգայով, հետո կես ժամ վազում եմ ու գնում սաունա»:

«Երբ դու տարբեր լեզուներով ես աշխատում, շատ չես կառչում բառերից»:

«Ես սիրում եմ տարբեր տեղեր գնալ ու նոր բաներ սկսել»:

Լուսանկարները՝ Անտոնիո Բանդերասի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE