Լուարա Հայրապետյանը՝ Հայաստան ժամանելու, 7 տարի ԱՄՆ-ում բնակվելու, ուսման եւ երաժշտական ծրագրերի մասին

16:04   11 օգոստոսի, 2018

NEWS.am STYLE-ի «30 րոպե» ուղիղ եթերի շրջանակում այս շաբաթ զրուցել ենք «Մանկական Եվրատեսիլ 2009»-ում «Բարսելոնա» երգով Հայաստանը ներկայացրած Լուարա Հայրապետյանի հետ: 20-ամյա երգչուհին օրերս է ժամանել Երեւան, որտեղ պատրաստվում է մնալ մինչեւ սեպտեմբեր: Մեր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում Լուարան պատասխանեց թե´ NEWS.am STYLE-ի, թե´ երկրպագուների հարցերին: 30 րոպե տեւած հարցազրույցի հետաքրքիր մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Շատ լավ եմ ինձ զգում այստեղ, շատ սիրում եմ Հայաստանը: Փորձում եմ ամեն ամառ գալ եւ հանգիստս վայելել հայրենիքում: Վերջին անգամ մեկ տարի առաջ էի եկել, բայց մեծ փոփոխություններ եմ նկատել այս անգամ, ասես մարդիկ ավելի հանգիստ լինեն հոգեպես, ավելի որախ են, ավելի հաճելի է մարդկանց հետ շփվելը»,-նշեց երգչուհին:

Անդրադառնալով 9 տարի առաջ «Մանկական Եվրատեսիլ»-ում իր մասնակցությանը՝ Լուարան նշեց.

«Հաճախակի եմ հիշում այդ օրերը: Մրցույթի հետ կապված շատ դրական հիշողություններ ունեմ: Իմիջիայլոց, մի քանի օր առաջ հանդիպել էի իմ թիմի ընկերներիս հետ, որոնք ինձ հետ պարում էին բեմի վրա: Ամեն ինչի մասին խոսեցինք, վերհիշեցինք, նույնիսկ, մտածեցինք հետագա համագործակցության մասին»:

Երգչուհին վերջին տարիներին երաժշտական դադար էր վերցրել. պատճառը դասերի վրա կենտրոնանալն է.

«Եկել էր պահը, երբ պետք է հասկանայի՝ արդյոք պե՞տք է ամբողջ ժամանակս տրամադրեմ երգիս, թե՞ կենտրոնանամ դասերիս վրա: Որոշեցի, որ չեմ ցանկանում կորցնել այս տարիներն ու սկսեցի լրջորեն զբաղվել ուսմամբ: Մասնագիտությամբ մարկետոլոգ եմ: Ինձ շատ է հետաքրքրում այս ոլորտը, բայց երգը չեմ պատրաստվում թողնել, դա այնպիսի բան է, որից ես մեծ հաճույք եմ ստանում: Այժմ պրոֆեսիոնալ cover-ներ եմ նկարահանում, եւ շուտով ձեր ուշադրությանը կներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը՝ նկարահանված Արիանա Գրանդեի Greedy երգի հիման վրա: Նկարահանումներն իրականացրել ենք ԱՄՆ-ում»:

Ինչ վերաբերում է սեփական երգերի թողարկմանը՝ երգչուհին նշում է.

«Նկատել եմ, որ վերջերս շատերը հաջողության են հասնում cover-ներ ներկայացնելով, եւ երբ հաջողության են հասնում, նոր սկսում են ներկայացնել իրենց սեփական կոնտենտը»:

Լուարան արդեն 7 տարի է, ինչ բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց ասում է.  «Մեծ ցանկություն կա վերադառնալու, քանի որ շատ եմ սիրում Հայաստանը: Չգիտեմ՝ ինչպես կդասավորվի կյանքը, բայց հուսով եմ՝ ավելի հաճախակի Հայաստան գալու առիթներ կունենամ»:

«Եվրատեսիլ»  մեկնելու ցանություն եւս կա, սակայն դրա մասին կմտածի մի քանի տարուց.

«Եթե նման մտադրություն ունենամ, կարծում եմ՝ կիրականացնեմ 3 տարիների ընթացքում, որովհետեւ այժմ ամբողջությամբ կենտրոնացած եմ ուսմանս վրա»:

Սեպտեմբերին Հանրայինի եթերում կմեկնարկի «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, որի նպատակն է ընտրել «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա ներկայացուցչին: Մրցույթի մասնակիցներին Լուարան հղեց իր խորհուրդն ու մաղթանքը.

«Շատ կարեւոր է մաքսիմալ կերպով պատրաստ լինելը, վստահ եւ դրական տրամադրված լինելը: Շատերը հարցնում են հուզմունքի մասին… Դա, իհարկե, բնական է, մանավանդ ելույթից առաջ, որովհետեւ դա շատ պատասխանատու պահ է: Ես ինքս էլ միշտ հուզվում եմ, բայց բեմ դուրս գալուց հետո ամեն ինչ անցնում է: Դուխով եղեք եւ դրական տրամադրվեք»,-նշեց երգչուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լուարա Հայրապետյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE