Ի՞նչ դիտել այսօր. «Սեքս չի լինելու» կամ ինչ է լինում, երբ ծնողներն իմանում են դուստրերի մտադրության մասին

18:25   11 օգոստոսի, 2018

Այս շաբաթ օրն առաջարկում ենք անցկացնել զավեշտալի տրամադրությամբ: Իսկ զավեշտներն առկա են ռեժիսոր Քեյ Քենոնի «Արգելողները»/Blockers կատակերգության մեջ:

Ֆիլմը 3 դպրոցահասակ աղջիկների մասին է, որոնք պատրաստվում են իրենց կյանքի ամենակարեւոր երեկույթներից մեկին՝ ավարտական խնջույքին: Ընկերուհիները լավագույն զգեստներն են ընտրում, լուրջ պատրաստություններ են տեսնում եւ մի բան հստակ որոշում՝ ավարտական երեկոյի խնջույքի ընթացքում նրանք պետք է զրկվեն կուսությունից: Հենց այսպիսի տրամադրվածությամբ էլ նրանք շտապում են երեկույթին, սակայն կա մի լուրջ խնդիր: Աղջիկների ծնողները պատահմամբ իմանում են նրանց պայմանավորվածության մասին, եւ նրանք այժմ պատրաստ են դիմել ցանկացած խենթության՝ դուստրերի մտադրությունը կանխելու համար, չէ՞ որ, նրանց կարծիքով իրենց երեխաները դեռ շատ փոքր են ինտիմ կյանք սկսելու համար:

Այսպիսով, անհանգստցած ծնողները որոշում են ամեն գնով հայտնվել երեկույթին եւ հետեւել իրենց աղջիկների պահվածքին՝ փորձելով կանխել նրանց ցանկությունը: Իսկ, թե ինչ զավեշտների միջով են նրանք ստիպված լինում անցնել, կիմանաք ֆիլմը դիտելիս:

Ֆիլմում նկարահանվել են՝ Լեսլի Մանը, Այք Բարինհոլդը, Ջոն Սինան, Քեթրին Նյուտոնը, Ջերալդին Վիսվանաթանը, Ջինա Գերշոնը, Ջուն Ռաֆաելը, Սարայո Ռաոն, Գերի Քոուլը, Գրեմ Ֆիլիպսը, Հանիբալ Բյորեսը եւ այլք: Կինոկատակերգությունն էկրաններ է բարձրացել 2018 թ-ի ապրիլին:

Կադրերը՝ ֆիլմից



© NEWS.am STYLE