Ամուսնության առաջարկություն՝ Ջուսին, շոկային կերպար Բրիթնիից, մերկ լուսանկար Լիլի Մորտոյից. շաբաթվա ամփոփումը՝ NEWS.am STYLE-ում

12:08   12 օգոստոսի, 2018

Ողջույն: Այսուհետ ամեն շաբաթվա ավարտին միասին կամփոփենք հայտնիների  բոլոր կարեւոր, սկանդալային, հետաքրքիր ու բազմաբովանդակ հրապարակումները, որոնք ամբողջ շաբաթվա ընթացքում տեղ են գտել NEWS.am STYLE ժամանցային կայքում:

Դե ինչ, պատրա՞ս ես՝ մի փոքր բամբասենք հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներից: Դե, ուրեմն՝ սկսեցինք:

Նախ ամփոփենք շաբաթվա սկանդալները, որովհետեւ համոզված եմ՝ քեզ առաջնահերթ հենց դրանք են հետաքրքրում:

Շաբաթվա սկանդալները

Դեռեւս նախորդ շաբաթվանից սկսած ռուսական մամուլի թիվ մեկ թեման 72-ամա Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունն էր, ինչի պատճառ հանդիսացել է  29-ամյա Տատյանա Բրուխունովան՝ Եվգենի Պետրոսյանի անձնական օգնականուհին։ Ասում են՝ Պետրոսյանն ու Ստեպանենկոն արդեն 15 տարի է, ինչ առանձին էին ապրում, իսկ սեպտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի է ունեցել նրանց ապահարզանի եւ համատեղ ունեցվածքի բաժանման դատական նիստը: Պարզվել է՝ երգիծաբանի կինը պահանջել է համատեղ ստեղծագործական գործունեության հեղինակային իրավունքները:

Հանրությանը շոկի է ենթարկել ոչ միայն ամուսնական զույգի բաժանման լուրը եւ Պետրոսյանի ու Բրուխունովայի միջեւ եղած 43 տարվա տարբերությունը, այլեւ այն, որ ասում են՝ Տատյանան երեխայի է սպասում հումորիստից:

Ռուսական շոու-բիզնեսի ամուսնալուծությունների շարքը շարունակում է Լարիսա Դոլինան, որը  բաժանվել է իր քաղաքացիական ամուսնուց՝ Իլյա Սպիցինից՝ մոտ 20 տարի տեւած հարաբերություններից հետո: Վերջինս գնացել է ուրիշ կնոջ մոտ:

Հերթական բաժանումն է գրանցվել նաեւ ամերիկյան շոու-բիզնեսում, որն անմիջական կապ ունի նաեւ Հայաստանի հետ, քանի որ խոսքը Քորթնի Քարդաշյանի մասին է: Ըստ շրջանառվող լուրերի՝  Քորթնիի 25-ամյա սիրելին դավաճանում է իրեն մեկ այլ կրքոտ սեւահերի՝ 28-ամյա Ջորդան Օզունայի հետ:

Ասում են՝ Քորթնին ինքն է վերջ դրել իր ու Բենջիմի հարաբերություններին, սակայն երիտասարդի երջանիկ ժպիտից չես ասի, թե նա մտահոգ է:

Իսկ ահա «Տաքսի» ֆիլմի հանրահայտ դերակատար Սամի Նասերին ծեծի են ենթարկել մոսկովյան ակումբներիղց մեկում: Թե ինչու է դերասանը ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք, դեռեւս պարզ չէ, սակայն, օրերս նա հանգստանում էր կարաոկե-ակումբում, որտեղ կռվել է հաստատության այցելուների հետ, ինչի արդյունքում փակ գանգային վնասվածք է ստացել: Հայտնի է, որ դերասանին հասցրել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:

Անջելինա Ջոլին որքան գեղեցիկ է, նույնքան էլ՝ սկանդալային: Դերասանուհին պետք է խաղար Come Away-ի  գլխավոր դերերից մեկում, որը հանդիսանում է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի պրիկվելը, իսկ ֆիլմում Ալիսան եւ Պիտեր Պենը հայտնվում են միասին, որպես քույր եւ եղբայր: Եւ ահա, նկարահանումները պետք է սկսվեին այս շաբաթվա ընթացքում, սակայն դերասանուհին զանգահարել եւ վերջին պահին հրաժարվել է դրանցից: Ջոլին ոչինչ չի բացատրել՝ պրոդյուսերներին թողնելով տարակուսանքի մեջ:

Իսկ հայկական շոու-բիզնեսում սկանդալային խոսակցությունների կիզակետում, ինչպես միշտ, երգչուհի Ջուսն էր:  Երգչուհին սոցիալական ցանցի իր էջերում լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել է ամուսնական մատանի: Համացանցում միանգամից լուրեր տարածվեցին այն մասին, որ երգչուհին ամուսնության առաջարկ է ստացել: Խոսակցությունները պարզելու նպատակով NEWS.am STYLE-ը կապ է հաստատել Ջուսի հետ, որը մեզ հետ զրույցում չի հերքել, որ նման առաջարկ եղել է.

«Դա եղել է մի փաստաբանի կողմից, որն Ուկրաինայից է եւ ինձ երկրպագում է: Բայց, ցավոք, ես նրան մերժեցի եւ ասացի, որ կարող ենք լինել միայն ընկերներ»,-իրեն հատուկ անկեղծությամբ պատասխանել է երգչուհին՝ հավելելով.  «Այս կյանքում այլեւս չեմ ցանկանում ամուսնանալ»:

Իսկ մենք անցում կատարենք այս շաբաթվա Instagram-ներին, որոնք հաճախ ավելի սկանդալային են լինում, քան մամուլի ամենադեղին էջերը:

Շաբաթվա Instagram-ը

Հայտնիների ինստագրամյան ակտիվությունն ամփոփենք Քլոե Քարդաշյանի հրապարակումից, որն այս անգամ ոչ թե սկանդալային էր, այլ անուշիկ. Քլոեն իր էջում հրապարակել է փոքրիկ դստեր` Թրուի լուսանկարը ու գրել. «Կյանքս»: Աստղը նաեւ մեկնաբանությանը կից բառի անգլալեզու թարգմանությունն է նշել՝ «my life»:

Իսկ ահա ամենասեքսուալ կազմվածքն ունեցող հայ մոդելներից մեկը՝«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր Շուշան Երիցյանն,  իր էջի story հավելվածում կարճ հոլովակ է հրապարակել՝ ներկայանալով սեւ բիկինիով, որով էլ ցուցադրել է իր շքեղ եւ մարզված մարմինը:

Ի՞նչ Instagram առանց Նազենի Հովհաննիսյանի: Հեռուստահաղորդավարուհին շաբաթվա ընթացքում բազմաթիվ հրապարակումներ է ունեցել, սակայն մեր ամփոփման մեջ կառանձնացնեմ հատկապես մեկը, որը հարցում է՝ ուղղված հետեւորդներին: Նազենին  գրել է. «Հարցում մը ))) Ասում եմ պետք է ամուսնանալ ՍԻՐԵԼՈ՞Վ, թե ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ ( այսինքն, որ լավ մարդ է, որ ընտանիքի լավ հայր կլինի, և այլն և այլն...) Ինձ շատ են տալիս այդ հարցը, ես էլ ձեզ եմ դիմում))»:

Ինձ էլ է շատ հետաքրքրում այս հարցը, այնպես որ՝ դուք էլ անպայման մեկնաբանություններում կիսվեք ձեր խրհուրդներով: Իսկ մինչ դուք դա կանեք՝ ես անցնեմ Instagram-ի ամենակրքոտ հայ տիրուհուն՝ Լիլի Մորտոյին:

Մոդելը լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է թոփլես՝ անկողնու վրա նստած: Գայթակղիչ լուսանկարին կից նա խոսել է սիրած էակի հանդեպ տածած անհագ սիրո մասին. «Երբ դու սիրում ես մարդուն, նա երբեք բավարար չէ քեզ: Նա միշտ քիչ է եւ դու ոչ մի կերպ չես կարողոնում նրանից հագենալ: Նա քեզ ավելի շատ է հարկավոր: Շատ շատ! Հոտոտել, շոշափել, ներսից նրան պարզապես կրծել»,-ռուսերենով գրել է նա:

Անթերի մարմինների ցուցադրության շարքը շարունակել է Եվա Ռիվասը՝ հրապարակելով  լողազգեստով լուսանկար:

Հայտնիների ինստագրամյան էջերը ծալենք եւ բացենք համաշխարհային ամսագրերի էջերը…..

Շապիկներին հայտնվել են…

Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն հայտնվել է Vogue US ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին: Նա պատմել իր բարդ ծննդաբերությունների, մարմնի ոչ կատարյալ լինելու, կյանքի դժվարությունների մասին:

Իսկ Բրեդ Փիթը, Նաոմի Քեմբելը, Քենդալ Ջենները եւ այլ աստղեր դարձել են Love Magazine-ի հոբելյանական համարի հերոսները:

Շաբաթվա կերպարները

Ամսագրերի շապիկներին չեն հայտնվել, բայց իրենց կերպարներով այս շաբաթ առանձնացել են՝ Բրիթնի Սփիրսը, որը որոշել է գերմանացի հանդիսատեսին զարմացնել ոչ միայն իր ձայնով, այլեւ բավականին համարձակ հանդերձանքով՝ իր վրա «գամելով» 17.000-ի հասնող երկրպագուների հայացքները, «Էլենի Օրագիրը» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որը փոխել է սանրվածքը՝ կտրելով երկար վարսերը, եւ նույն հեռուստասերիալում Սառային մարմնավորող Մարինկա Խաչատրյանը, որը լուսանկար է հրապարակել, որում գեղեցիկ խոպոպներով է:

Իսկ Իվետա Մուկուչյանն իր արտասովոր կերպարը նույնացրել է գայլի հետ:

Իվետան մեկնաբանել է իր հրապարակած  լուսանկարը՝ անգլերեն լեզվով գրելով. «Երբեմն ես ավելի շատ գայլ եմ, քան կին: Ես դեռ սովորում եմ վերջ տալ ներողություն խնդրել իմ վայրի տեսակի համար»:

Շաբաթվա հարցազրույցները

Այս շաբաթ NEWS.am STYLE-ը զրուցել է «Էլենի օրագիր»-ը հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ, որը մեկնաբանել է, թե սցենարական ինչ գիծ է ունենալու հեռուստասերիալի նոր եթերաշրջանը, ինչպիսի փոփոխությունների են ենթարկվելու հեռուստադիտողին արդեն հարազատ դարձած հերոսներն ու ինչպես ստեղծվեց սերիալի շարունակությունը նկարահանելու գաղափարը: 

Անին նշել է, որ 2-րդ եթերաշրջանում սիրված հերոսների պատմությունը կշարունակվի արդեն համալսարանական նստարանին: Ֆիլմում կլինեն նաեւ նոր հերոսներ եւ նոր պատմություններ:

Այս շաբաթ մեր զրուցակիցն է եղել նաեւ ԱՄՆ-ից ժամանած երգչուհի Լուարա Հայրապետյանը, որը հյուրընկալվել է NEWS.am STYLE-ի «30 րոպե» ուղիղ եթերին եւ պատասխանել ոչ միայն մեզ, այլեւ երկրպագուներին հետաքրքրող հարցերին: Լուարան խոսել է իր տեւական լոության պատճառների մասին: Պարզվում է` «Բարսելոնա» հիթի կատարողը վերջին տարիներին ԱՄՆ-ում կենտրոնացած է իր ուսման վրա: Լուարան ընտրել է մարկետոլոգի մասնագիտությունը, սակայն երգից հրաժարվել չի պատրաստվում: Շուտով երգչուհին կներկայացնի Արիանա Գրանդեի Greedy երգի cover-ի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը:

Շաբաթվա ծնունդները

Շաբաթվա ամփոփիչ թողարկումն ամփոփեմ յուրաքանչյուր մարդու կյանքի ամենակարեւոր իրադարձությամբ՝ ծնունդով: Այս շաբաթ Happy Birthday արտահայտությունը լսեցին Շարլիզ Թերոնը, որը օգոստոսի 7-ին դարձավ 43 տարեկան, Դասթին Հոֆմանը, որը  օգոստոսի 8-ին նշեց 81 ամյակը, իսկ օգոստոսի 9-ին իր 33-ամյակը նշեց Աննա Քենդրիկը: Այդ օրը ծնվել է նաեւ լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, որը կդառնար 55 տարեկան: Օգոստոսի 10-ը տոնական էր 21-ամյակը նշող Քենդալ Ջենների, 42-ամյակը նշող Մկրտիչ Արզումանյանի եւ Անտոնիո Բանդերասի համար, որը դարձավ 58 տարեկան: Իսկ օգոստոսի 11-ին ծնվել է հմայիչ Քրիս Հեմսվորթը, որը նշում էր 35-ամյակը: Այսօր՝ օգոստոսի 12-ին, ծննդյան 26-ամյակն է նշում մոդել Կարա Դելեւինը՝ եզրափակելով այս շաբաթվա ծնունդները:

Իսկ ես եզրափակում եմ այս շաբաթվա ամփոփումս: Կհանդիպենք մյուս կիրակի:

Քեզ հետ ես էի՝ NEWS.am STYLE-ի բամբասկոտը:)



© NEWS.am STYLE