Առաջարկում ենք դիտել. «Անտեսանելի հյուրը» կամ ինչպես Մարիո Կասասը «բռնվեց»

16:04   13 օգոստոսի, 2018

Այսօրվա կինոդիտման համար NEWS.am STYLE-ն առաջարկում է նախորդ տարի էկրաններ բարձրացած «Անտեսանելի հյուրը»/Contratiempo թրիլերը, որի ռեժիսորը Օրիոլ Պաոլոն է, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Մարիո Կասասը, Խոսե Կորոնադոն, Անա Վախեները, Բարբարա Լենին եւ այլք:

Իսպանական արտադրության այս ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է երիտասարդ բիզնեսմեն Ադրիան Դորիայի սիրուհու՝ Լաուրա Վիդալի սպանությունը: Նրա մահվան մեջ մեղադրում են Ադրիանին, քանի որ առավոտյան հենց նա էր հայտնաբերել մահացած ընկերուհու մարմինը իրենց հյուրանոցային համարում, իսկ ականատեսների խոսքով՝  սպանության գիշերը նրանից բացի ոչ ոք չի մտել եւ դուրս չի եկել այդ սենյակից: Ոստիկանությունն անմիջապես ձերբակալում է Ադրիանին եւ հիմա նրա նպատակն է գտնել լավագույն փաստաբանին, որը կօգնի ապացուցել, որ ինքն անմեղ է:

Այդ փաստաբանի դերում հայտնվում է Վիրջինիա Գուդմանը, որի համար այս գործը պետք է վերջինը լիներ, եւ Ադրիանը վստահ էր՝ նա բոլոր ուժերը կկենտրոնացնի իրեն արդարացնելու համար: Վիրջինիան խնդրում է Ադրիանան իրեն պատմել ամբողջ եղելությունը: Այդ ժամանակ Ադրիանը պատմում է նրան իր գործնական ուղեւորության մասին, որը պետք է կայանար Փարիզում, սակայն իրականում նա նախընտրել էր չմեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք եւ իր ժամանակն անցկացնել սիրուհու՝ Լաուրայի հետ: Այդ օրը ինքն ու Լաուրան ավտովթարի են ենթարկվում, եւ թեեւ իրենց ոչինչ չի պատահում, նրանց հարվածած մեքենայի վարորդը՝ Դանիել Գարիդո անունով երիտասարդը, մահանում է: Լաուրան համոզում է Ադրիանին ոչ ոքի ոչինչ չասել, որովհետեւ դա կնշանակեր թե իր, թե Ադրիանի կարիերայի ավարտը: Ադրիանը համաձայնվում է եւ մահացած երիտասարդի ավտոմեքենան նետում է մոտակա լիճը:

Ֆիլմում ներկայացրած պատմությունը շատ խորհրդավոր է եւ խճճված: Ի՞նչ է թաքցնում Ադրիանն իր փաստաբանից, եւ ո՞վ է իրականում այն փաստաբանը, որին նա վստահել է իր գործը: Հետաքրքիր հարցերի բացահայտման համար այսօր երեկոյան առաջարկում ենք դիտել հենց այս խորհրդավոր թրիլերը:

Կադրերը՝ ֆիլմից



© NEWS.am STYLE