«Ես հիմա այնպիսի կարգավիճակում եմ, որ նկարահանվելն ինձ պետք չէ գումար աշխատելու համար». Միլա Կունիսը նշում է 35-ամյակը

16:04   14 օգոստոսի, 2018

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ծնվել է Հոլիվուդի ամենախոշոր աչքերով դերասանուհիներից մեկը՝ Միլա Կունիսը: Հմայիչ դերասանուհին նշում է 35-ամյակը:

Ուկրաինական արմատներով ամերիկացի դերասանուհին նկարահանվել սկսել է փոքր տարիքից: Նրա առաջին դերը եղել է 1993 թ-ին նկարահանված «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում:

Այսօր Միլայի լուսանկարները պարբերաբար զարդարում են հանրայայտ ամսագրերի շապիկները, իսկ 2012 թ-ից գեղեցկադեմ այս դերասանուհին համագործակցում է Christian Dior նորաձեւության տան հետ:

Ավելի վաղ տարիներին Միլան սիրավեպ է ունեցել «Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինի հետ, իսկ 2015 թ-ից դերասանուհին ամուսնացած է դերասան Էշթոն Քաթչերի հետ: Նրանք ունեն երկու զավակ. դուստրը՝ Ուայթ Իզաբելը, 4 տարեկան է, իսկ որդին՝ Դմիտրին` 2:

Միլա Կունիսը շատ ֆիլմերում է նկարահանվել՝ մարմնավորելով միմյանցից տարբեր կերպարների, դրանց թվում են՝ «Սեւ կարապը», «Եկամտաբեր ընկերություն», «Շատ վատ մայրիկները», «Երրորդն ավելորդ է», «Իլայի գիրքը» եւ այլն:

Այսօր առաջարկում ենք ընթերցել դերասանուհու մտքերից մի քանիսը:

«Ես համառ եմ, բայց ես դա ընդունում եմ: Դա ինձ համար նորմալ է»:

«Չեմ կարծում, թե կատարյալը ճիշտ բառ է, ես չեմ հավատում կատարելությանը»:

«Ճիշտ չէ, որ շիկահերներն ավելի շատ են զվարճանում: Հավատացեք՝ դա այդպես չէ»:

«Ես պատրաստ եմ պաշտպանել իմ մասնակցությամբ ցանկացած ֆիլմ: Երբեք չեմ զղջում իմ արածների համար»:

«Պապարացիները զրպարտության ամենատարածված ձեւն են: Կեղծ հրապարակումները, մեղադրանքները՝ դրանք բոլորը զրպարտություններ են»:

«Միշտ պետք է ունենաս այլընտրանքային ծրագիր»:

«Իմ կյանքի նպատակը իմ արածներից հաճույք ստանալն է, որպեսզի երբեք ետ չնայեմ ու մտածեմ. «Ես պետք է այստեղ այլ բան անեի»»:

«Դեռահասները բոլոր ժամանակաշրջաններում էլ նույն խնդիրների հետ են բախվում: Միակ տարբերությունը նրանց հագուստի ոճի մեջ է»:

«Ես միշտ Քեյթ Ուինսլեթին եմ երկրպագել: Նա շատ դասական է, ու միեւնույն ժամանակ՝ չափազանց սեքսուալ»:

«Ես հիմա այնպիսի կարգավիճակում եմ, որ նկարահանվելն ինձ պետք չէ գումար աշխատելու համար: Այս առումով ես ինձ հաջողակ եմ համարում, քանի որ կարող եմ հանգիստ նստել ու սպասել, թե երբ կլինի ինձ հետաքրքրող նախագիծ, որում կցանկանամ հանդես գալ»:

Լուսանկարները՝ Getty Images, Steven Pan, Glamour, Stephen Dunn/Getty



© NEWS.am STYLE