Իմ պատմությունը. «Ուզում եմ գոռալ, ճչալ, ոռնալ...»

20:14   27 մայիսի, 2013

NEWS.am STYLE-ի խմբագրությունն ընթերցողներից բազմիցս նամակներ էր ստանում, ովքեր առաջարկում էին բացել նոր խորագիր, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անորոշ հասցեատերերի շրջանակին ուղղված կարճ էսսեի, նամակի միջոցով կարող է ինքնարտահայտվել, ներկայացնել կյանքի մասին փիլիսոփայական մտորումները եւ այլն:

Կայքի խմբագրությունն անսաց այդ բազմաթիվ խնդրանքներին եւ սկսեց աշխատել նոր խորագրի ստեղծման ուղղությամբ, որը որոշվեց վերնագրել «Իմ պատմությունը»: Այսուհետ ձեզանից յուրաքանչյուրը կարող է մեզ ուղարկել սեփական պատմությունը [email protected] հասցեով (կարելի է նաեւ լուսանկարներով), իսկ մենք անպայման այն կտեղադրենք մեր կայքում՝ ցանկության դեպքում պահպանելով անանունությունը: Ամենից պատկերավոր, հուզիչ կամ արձագանք ստացած շարադրանքը խմբագրության կողմից մրցանակ կստանա:

«Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը: Ըստ իս, դա մոլորություն է, որին ես չեմ հավատում, քանի որ հոգու վերքը ոչ միայն երբեք չի բուժվում, այլեւ անվերջ բորբոքվում է եւ չսպիացող վերքի նման արնահոսում ու մրմռում: Եթե ժամանակին այն բոցկլտացող կրակի նման վառվում էր ու այրում ներսս, ապա հիմա հանգած օջախի նման մխում է եւ խեղդամահ անում ինձ: Դրան գումարվում է նաեւ կարոտը, որը խեղճացնում է, ծնկի բերում եւ թեւաթափ անում ինձ:

Մյուս կողմից էլ գիտակցությունս անընդհատ ստիպում է սթափվել, քանի որ պատասխանատու եմ երեխաներիս համար եւ իրավունք չունեմ թուլանալու՝ էլ  ավելի չխորացնելու նրանց ցավն ու վիշտը: Բայց ուժերս կամաց-կամաց լքում են ինձ, որովհետեւ շատ դժվար է միայնակ դիմակայել ցավին, վշտին, տառապանքին: Որովհետեւ անզորությունից ուզում եմ գոռալ, ճչալ, ոռնալ, ուզում եմ մատներով քանդել քո վրայի հողը, ուզում եմ ի լուր աշխարհի հայտարարել, որ չեմ կարող ապրել առանց քեզ, որ սիրում եմ քեզ, որ կյանքս անիմաստ է առանց քեզ, որ հավերժություն դարձած քո կյանքով դու դավաճանեցիր մեզ, որի համար երբեք չեմ ների քեզ: Չեմ ների, որ կյանքս ակամայից բաժանվեց երկու փուլի՝ «մինչեւ» եւ «հետո», որտեղ «մինչեւ»-ը թեեւ ծանր էր ու դժվար, բայց, միաժամանակ, երջանիկ եւ ուրախ էր: Անհոգ չէր, բայց  իմաստալից էր: Իսկ «հետո»-ն դարձավ անտանելի, որովհետեւ մնացի մենակ՝ մասնատված, կիսատ մնացած կյանքով, որովհետեւ հիմա շնչում եմ միայն մեկ  թոքով, սրտիս փականներից միայն երկուսն են գործում, ուղեղիս միայն մի կիսագունդն է մտածում:

Այսքանից հետո, ինչպե՞ս է, որ ժամանակը կարող է բուժել կամ ամոքել վերքը, եթե տարիների ընթացքում այն ավելի է խորանում ու անասելի ցավ պատճառում:

Ալլա Ա.

Հ.Գ. Շնորհակալություն, որ արտահայտվելու հնարավորություն ընձեռեցիք ինձ, քանի որ այս յոթ տարիների ընթացքում առաջին անգամ բարձրաձայն մտածեցի»:



© NEWS.am STYLE