Ախթալայում 10-րդ անգամ կկայանա Խորովածի փառատոնը

15:01   15 օգոստոսի, 2018

Օգոստոսի 18-ին Ախթլայում արդեն 10-րդ տարին կկայանա Խորովածի փառատոնը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի կազմակերպիչ՝ Հայ խորհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը խոսեց ամենամյա փառատոնի կարեւորության, Ախթալայում այն անցկացնելու նշանակության ու մրցութային փուլերի մասին:

«Այս փսռատոնը հենց ստեղծման օրվանից իր առաջ դրել է մի քանի խնդիր: Մեզ շատ են հարցնում, թե ինչու է այն անցկացվում Ախթալայում: Փառատոնը 2007 թ-ին ստեղծվել է «Հյուսիսային դարպասներ» ծրագրի շրջանակում, տվյալ տարածաշրջանի զարգացման հարցն է դրվել դրա մեջ՝ տուրիզմի կամ այլ ուղիներով: Սկզբնական շրջանում մենք փառատոնն անցկացնում էինք  եկեղեցու տարածքում: Ինչպես գիտեք՝ եկեղեցու հարցով էլ խնդիրներ կան Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Մենք ուզում ենք, որ մեր բարեկամ երկրի հետ համատեղ մի միջոցառում անենք, որ լինի մի երեւույթ, որը ոչ թե մեզ կվանի, այլ կմիավորի: Բացի այդ՝ խոհանոցի զարգացման խնդիր ենք դրել մեր առաջ: Այս տոնի ընթացքում տարբեր մասնագիտության մարդիկ կարող են շփվել միմյանց հետ եւ փոխանակվել գաղափարներով: Ախթալայի տարածքում այս միջոցառմանն արդեն սպասում են տեղացիները: Կարող եմ ասել, որ մենք հասել ենք այս տարածաշրջանի հանրահռչակման նպատակին»,-նշեց Մամուլյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով՝ խորովածը կերակուր չէ, այն ջերմային մշակման եղանակ է: Այսինքն՝ այս փառատոնի ընթացքում խորովում են ոչ միայն միս, այլեւ բանջարեղեն, մրգեր, նույնիսկ՝ ձմերուկ:

Փառատոնն անցկացվելու է երկու փուլով՝  մրցութային եւ գեղարվեստական: Մրցույթն անցկացվելու է «Լավագույն համ», «Լավագույն տեսք» եւ «Լավագույն մտահաղացում» անվանակարգերով: Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներն արժանանալու են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ հաղթողը կստանա հոբելյանական արձանիկ: Ժյուրիի անդամները տասն են լինելու, նրանց մեջ կլինեն եւ արվեստագետներ, եւ հայտնի խոհարարներ: Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանները ներկայացնող ավանդական թիմերի հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն զինծառայողների, գրողների և ֆիզիկոսների թիմեր:

Փառատոնի գեղարվեստական մասը կուղեկցվի ազգագրական երգ ու պարով:

Մամուլյանը նաեւ հավելեց, որ օգոստոսի նախավերջին շաբաթն իրենք հռչակելու են Խորովածի միջազգային օր:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE