«Բեմում թեժ է լինելու». «Նվագախմբի երեխաները» մյուզիքլից հայտնի Վովան՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ին իր մասնակցության մասին

16:04   15 օգոստոսի, 2018

Սեպտեմբերին հայ հեռուստադիտողը կընտրի «Մանկական Եվրատեսիլ 2018»-ի մեր մասնակցին, իսկ ընտրությունը կկատարվի Հանրային հեռուստատեսության «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի միջոցով: Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլն այս տարի առաջին անգամ կանցկացվի նման ձեւաչափով, որին կմասնակցեն 23 պատանի կատարողներ: Նրանց թվում է նաեւ «Նվագախմբի երեխաները» նախագխից հայտնի Վովան՝ Վլադիմիր Հովհաննիսյանը: NEWS.am STYLE-ը զրուցել է 9-ամյա Վովայի հետ՝ պարզելու, թե ինչպիսի երգով է մասնակցելու մրցույթին եւ ինչ սպասելիքներ ունի դրանից:

«Միշտ հետևել եմ մրցույթին ու շատ էի ցանկանում ինքս մասնակցել։ Արդեն 9 տարեկան եմ ու կատարվում է իմ երազանքը: Այն զգացողությունները, որ հիմա ունեմ, կցանկանայի լինեին անվերջ։ Անհամբերությամբ սպասում եմ մրցույթին ու ամեն օր պատրաստվում։ Հիմա բեմադրության փորձերն ենք անում։ Բացի այդ, հասցնում եմ հաճախել վոկալի, պարի և բեմական կեցվածքի դասերի: Ներկայանալու եմ շատ ռիթմիկ ու հավես երգով: Երգիս բառերի հեղինակն իմ սիրելի Գրիգոր Կյոկչյանն է , երաժշտությունն ու գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: Երգը հայերեն է՝ մի փոքրիկ անգլերեն հատվածով»,-նշեց պատանի կատարողը՝ հավելելով.

«Երգն իմ խառնվածքի պես աշխույժ է: Դրա մեջ կա և՛ ժպիտ, և՛ թախիծ, և՛ կամակորություն: Մրցույթի կանոնները թույլ չեն տալիս բացել չակերտները մինչև երգի հրապարակումը, ուղղակի կասեմ, որ այն մանկական սիրո մասին է»:

Վովայի թիմում աշխատում են ոլորտի պրոֆեսիոնալները.

«Երգի և ելույթի վրա աշխատում է մեծ ու պրոֆեսիոնալ թիմ: Իմ պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ինձ շատ է օգնում։ Նրա շնորհիվ հավաքվել է մի թիմ, որը ջանք չի խնայում, որպեսզի իմ առաջին մեծ բեմելը լինի վառ և տպավորիչ: Բեմադրության հեղինակն Արամայիս Հայրապետյանն է: Կներկայացնենք նաև տեսահոլովակ, որի հագուստը մոդելավորել է Դիանա Շատվերյանը: Գլխավոր պարուսույցն է Քրիստինա Հովակիմյանը: Բեմում թեժ է լինելու, բայց ոչինչ պատմել չեմ կարող։)»:

Ինչ վերաբերում է մրցակիցներին՝ Վովան նշում է.

«Ոմանց ճանաչում եմ «Նվագախմբի երեխաները» նախագծից: Ֆավորիտին կընտրեմ, երբ լսեմ բոլորի երգերը»:

Անդրադառնալով իր երգի հաղորդագրությանը՝ 9-ամյա երգիչն ասում է.

«Իմ երգը հենց ես եմ: Առաջին պահից հասկացա, որ երգն իմն է և այն դարձավ իմ մի մասնիկը: Ես հանդիսատեսին կփորձեմ գերել իմ տեսակով: Բեմից փոխանցելու եմ մաքսիմալ դրական էմոցիաներ և էներգիա: Երգը շատ հիշվող է և առաջացնում է պարելու ցանկություն»:

Վովայի հետ զրուցեցինք նաեւ առօրյա նախասիրությունների մասին.

«Զբաղվում եմ լողով, ունեմ կենդանիների ֆիգուրների մեծ հավաքածու: Յուրաքանչյուր ֆիգուր գնելուց առաջ ուսումնասիրում եմ վերջինիս: Ինձ շատ է հետաքրքում տիեզերքը: Ինձ հետաքրքիր են բոլոր այն հաղորդումներն ու գրքերը, որոնք նոր բացահայտումներ են անում մեր մոլորակից դուրս գտնվող երևույթների մասին: Իմ տարերքը կոմիքսներն են: Ինքս էլ եմ գրում կոմիքսներ»,-պատմեց նա:

Անդրադարձանք նաեւ ամառային հանգստի թեմային, սակայն այն մի փոքր ցավոտ էր փոքրիկ երգչի համար:)

«Շատ եմ տխրում, որ այս տարի չմեկնեցինք հանգստի: Օրս սկսվում է պարի դասերով կամ լողով: Ողջ օրը հագեցած է ելույթի նախապատրաստական աշխատանքներով: Հանգստանում եմ բացօթյա լողավազան հաճախելով և, իհարկե, ընկերներիս հետ բակում խաղալով»,-ասում է Վովան, որը մրցույթին տրամադրված է մարտական. «Կստեմ, եթե ասեմ, որ ինձ համար միայն մասնակցությունն է կարևոր: Ամեն դեպքում, կարևոր է, որ հաղթի լավագույնը: Բոլորին հաջողություն եմ մաղթում»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE