«Դեմ չեմ լինի, եթե գլուխս սափրեն». Ջենիֆեր Լոուրենսը դարձավ 28 տարեկան

18:08   15 օգոստոսի, 2018

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն այսօր՝ օգոստոսի 15-ին, նշում է ծննդյան 28-ամյակը:

Դերասանական կարիերան Լոուրենսը սկսել է 2006 թ-ին՝ նկարահանվելով «Քաղաքային ընկերություն» հեռուստանախագծում, իսկ առաջին գլխավոր դերն ունեցել է «Պոկերի տունը» ֆիլմում: Ֆիլմասերների շրջանում, սակայն, դերասանուհին մեծ ճանաչում ձեռք բերեց «Իմ սիրեցյալը խելագար է» ֆիլմից հետո:

Ջենիֆերը նկարահանվել է նաեւ «Իքս մարդիկ. ապագայի օրերը», «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» եւ «Քաղցած խաղեր» ֆիլմերում:

Դերասանուհին փայլում է ոչ միայն իր դերասանական խաղով, այլեւ նրբագեղ ճաշակով, սակայն այսօր նրա արտաքին ոճը կթողնենք մի կողմ եւ կներկայացնենք Ջենիֆերին՝ ներքին ճաշակով: Իհարկե, խոսքը դերասանուհու հայտնի մեջբերումների մասին է.

«Դեռահասները սովորություն ունեն միայն իրենց անձի վրա կենտրոնանալու: Միայն հասունանալով ենք հասկանում, որ աշխարհում մեզանից բացի այլ մարդիկ էլ գոյություն ունեն»:

«Որքան էլ, որ դժվար լինի ինձ համար եւ որքան էլ, որ հոգնած լինեմ, աշխատում եմ շաբաթը, գոնե, մեկ անգամ ընթրել ընկերուհիներիս հետ, այլապես իմ կյանքը միայն աշխատանքից բաղկացած կլինի»:

«Երբ փոքր էի, երազում էի բժիշկ դառնալու մասին, այնպես որ՝ արյան տեսքն ինձ չի վախեցնում»:

«Երբ քո կյանքում չկա մեկը, որը հոգ կտանի քո մասին, քեզ երկու բան է մնում՝ կամ դու անում ես այն, ինչ սիրտդ է ուզում, կամ դառնում ես ինքդ քո խնամակալը»:

«Համացանցն ինձ համար սեւ անցք է, որտեղ ես նախընտրում եմ չմտնել»:

«Կցանկանայի այնպիսի կերպարի կերտել, ինչպիսին դեռ չեմ եղել: Օրինակ՝ կցանկանայի սերիական մարդասպանի մարմնավորել, ինչպիսին Շարլիզ Թերոնն էր «Հրեշը» ֆիլմում: Դեմ չեմ լինի, եթե գլուխս սափրեն»:

«Կարծում եմ՝ այնքան շատ եմ կենտրոնացած եղել նկարահանումների վրա, որ չեմ էլ նկատել, թե ինչպես է կյանքս փոխվել»:

Լուսանկարները՝ Mario Sorrenti/Harpers Bazaar



© NEWS.am STYLE