«Ուժն այն է, երբ քեզ ասում են, որ չեն սիրում, իսկ դու դրանից չես կործանվում». Մադոննան դարձավ 60 տարեկան

12:36   16 օգոստոսի, 2018

Փոփ երաժշտության թագուհին, աշխարհի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ Մադոննան, այսօր՝ օգոստոսի 16-ին, նշում է ծննդյան 60-ամյակը:

Մադոննայի հաջողության գրավականը ոչ միայն նրա տարբերվող երգացանկն ու սեքսուալ կերպարն էին, այլեւ տեսահոլովակների յուրահատուկ սցենարային լուծումները: Իր հիթերի մեծամասնությունը Մադոննան հենց ինքն է հեղինակել եւ միայնակ զբաղվել դրանց պրոդյուսինգով: Նրա երգերից շատերը երկար ժամանակ եղել են ամենահեղինակավոր հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում: Այդ ցանկում են՝ Like a Virgin, Papa Don’t Preach, Like a Prayer, Vogue, Take a Bow, Frozen, Music, Hung Up եւ 4 Minutes երգերը:

Մադոննան այսօր էլ շարունակում է գրավել երաժշտասերների ուշադրությունը թե՛ իր կերպարային արտաքինով, թե՛ նոր երգերով ու տեսահոլովակներով:

Երգչուհու հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. 

«Շատ մարդիկ վախենում են ասել այն, ինչ ցանկանում են: Այդ պատճառով էլ նրանք հաճախ չեն ստանում այն, ինչ ցանկանում են»:

«Այն օրվանից, երբ աղջիկս ծնվեց, ես սկսեցի զգալ, թե ինչպես է թռչում ժամանակը, եւ ես այն չեմ ցանկանում վատնել շրթներկի գույն ընտրելով»:

«Մենք բոլորս նույն գույնի արյուն ունենք, եւ բոլորս էլ ցանկանում ենք սիրել ու սիրվել»:

«Ես չէի դառնա այնպիսին, ինչպիսին այսօր եմ, եթե ստիպված չլինեի պայքարել ինձ խանգարող հին արժեքների դեմ»:

«Ես հետեւից հարված հասցնելու բնավորություն չունեմ»:

«Երբեք չպետք է մոռանալ երազելու մասին»:

«Ուժն այն է, երբ քեզ ասում են, որ չեն սիրում, իսկ դու դրանից չես կործանվում»:

«Ավելի լավ է մի տարի ապրես՝ որպես վագր, քան հարյուր տարի՝ որպես ոչխար»:

«Շատերին թվում է, թե ես սեքսեւալ մեծ ախորժակ ունեմ, իսկ իրականում ես նախընտրում եմ գիրք կարդալ»:

«Ես եղել եմ եւ հայտնի, եւ անհայտ, եւ հաջողակ, եւ անհաջողակ, եւ սիրված եւ լքված. ես գիտեմ այս բոլոր բառերի իմաստը»:



© NEWS.am STYLE