Առաջարկում ենք դիտել. «Մոլագարի կացարանը»՝ երբ դառնում ես սեփական զոհիդ զոհը

18:04   16 օգոստոսի, 2018

Այսօր NEWS.am STYLE-ն առաջարկում է երեկոն անցկացնել ամերիկյան արտադրության «Մոլագարի կացարանը»/Bad Samaritan ֆիլմի առջեւ: Մեր առաջարկն այս անգամ կհետաքրքիր սարսափ եւ թրիլեր ժանրերի սիրահարներին, քանի որ այն ֆիլմը, որը ներկայացնում ենք մոլագար մարդասպանի մասին է:

Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Շոնը եւ Դերեքը, մտերիմ ընկերներ են, որոնք միասին աշխատում են ամենահայտնի ռեստորաններից մեկի ավտոկայանատեղիում: Օգտվելով առիթից՝ տղաները հաճախ վերցնում են իրենց հարուստ հաճախորդների ավտոմեքենաները, եւ նավիգատորի օգնությամբ գտնում են նրանց տան հասցեներն ու ներխուժում այնտեղ՝ թալանելու նպատակով:

Մի օր նրանց ռեստորան է գալիս Քեյլ անունով մի տղամարդ: Տղաների ուշադրությունը միանգամից գրավում է նրա շքեղ ավտոմեքենան: Մինչ Քեյլը հանգիստ ճաշում էր ռեստորանում, Շոնն ուղեւորվում է իրենց հերթական զոհի բնակարան: Սակայն այստեղ երիտասարդը հայտնաբերում է ոչ միայն գումար, այլեւ տանջահար եղած մի աղջկա: Մինչ Շոնն այս մասին շտապում է հայտնել ոստիկանությանը, աղջիկը խորհրդավոր կերպով անհետանում է Քեյլի բնակարանից եւ ոստիկանները նրա դեմ ոչ մի ապացույց չեն գտնում: Սակայն մոլագարն արդեն շատ լավ է ճանաչում իր մատնիչներին, եւ այժմ նրա գլխավոր զոհերի ցանկում հայտնվում են ոչ միայն Շոնն ու Դերեքը, այլեւ նրանց բոլոր մտերիմները:

Այս սարսափազդու եւ ուշագրավ ֆիլմի ռեժիսորը Դին Դեւլինն է, գլխավոր դերերում հանդես են եկել Դեւիդ Թեննանթը, Ռոբերթ Շիեմը, Կառլիտո Օլիվերոն եւ այլք:

Թույլ նյարդեր ունեցող մարդկանց, միանշանակ, խորհուրդ չի տրվում դիտել այս ֆիլմը, իսկ եթե ադրենալինի ու սուր զգացողությունների սիրահար ես, ուրեմն պատրաստիր փոփ քորնն ու գամվիր էկրանների առջեւ:)

Կադրերը՝ ֆիլմից



© NEWS.am STYLE