«Սերիալամոլ». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել «Սպարտակը»

18:05   19 օգոստոսի, 2018

NEWS.am STYLE-ը սկսում է նոր շարք՝ «Սերիալամոլ» անվանմամբ, որում մենք ձեզ խորհուրդ կտանք դիտել սերիալներ, որոնք կգունավորեն ձեր առօրյան: Սկսենք փոքր-ինչ բիրտ եւ հետաքրքրաշարժ մեկից՝ «Սպարտակից»:

Անվանումից արդեն պարզ է, որ այն պատմում է լեգենդար գլադիատոր-ստրուկի մասին, ով մ.թ.ա 1-ին դարում կարողացավ ծնկի բերել Հռոմեական կայսրությունը:

Սպարտակի մասին բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ են նկարահանվել. դա բնական է, քանի որ նա դարակազմիկ կերպար է:



Ինչո՞վ է գրավիչ այս սերիալը:

«Սպարտակ»-ը (անգլ. Spartacus) ամերիկյան պատմական հեռուստասերիալ է, որը սկսել է ցուցադրվել 2010 թվականի հունվարի 22-ից Starz ալիքով ու հասել է ավարտին 2013 թվականի ապրիլի 12-ին:

Այն բաղկացած է 3 եթերաշրջանից ու մեկ պրիկվելից (Պրիկվել՝ գիրք, կինոֆիլմ, համակարգչային խաղ, որի գործողությունները ժամանակագրական առումով ծավալվում են ստեղծագործությունից առաջ ու համապատասխանում են սյուժետային տրամաբանությանը):

Յուրաքանյուր եթերաշրջան ունի ենթավերնագիր:

Առաջին եթերաշրջան՝ «Սպարտակ. արյուն եւ ավազ» (2010)

Պրիկվել՝ «Սպարտակ. մարտադաշտի աստվածները » (2011)

Երկրորդ եթերաշրջան՝ «Սպարտակ. վրեժ» (2012)

Երրորդ եթերաշրջան՝ «Սպարտակ. անիծյալների պատերազմը» (2013)

Քանզի Սպարտակի կերպարի մասին փաստական տվյալները բավականին սուղ են, սերիալի ստեղծագործական կազմը հնարավորություն է ունեցել մշակել ավելի շատ գաղափարներ, որոնք, բնականաբար, աղավաղել են պատմական ճշմարտությունը:

Ստեղծողները որպես հիմք են ընդունել Զաք Սնայդերի կերպարը «300 սպարտացիներ» ֆիլմից: Հավաստիացնում ենք՝ ընտրությունը արդարացված է: Այդ ամբողջ մռայլությունը, արյունալի տեսարանները, դանդաղեցրած կադրերը դարձնում են պատկերները պարզապես գլուխգործոց:

Արժեքավոր կադրերից բացի, ստեղծագործական թիմն, իհարկե, չի մոռացել նաեւ գաղափարի մասին: Սյուժեն լիովին տրամաբանական է եւ միաժամանակ գրավիչ: Այո, սյուժեի հիմքերը տարրական արժեքների վրա են հենված՝ ինչպես վրեժը, ազատատենչությունը, բայց հենց դրանով էլ սերիալը գրավում է, քանի որ այն մատչելի է բոլորի համար:



«Սպարտակում» երեւում են հայնտնի պատմական դեմքեր՝ Մարկոս Կրասսոսից մինչեւ Հուլիոս Կեսար:

Դերասանական խաղը կարելի է համարձակորեն գնահատել 10-ից 10: Հատկապես իրենց խառնվածքով ստվեր են գցում մյուսների վրա Հանինգը (Դասթին Քլեր) եւ Քվինտ Լենտեւլիյ Բատիատը (Ջոն Հաննա):

Առաջին եթերաշրջանում, ցավոք, դժբախտ դեպք տեղի ունեցավ. Սպարտակի դերակատար Էնդի Ուիթֆիլդը մահացավ ծանր հիվանդությունից: Նա երկար ժամանակ պայքարում էր դրա դեմ, իսկ Starz ալիքը մեծահոգաբար երկրորդ եթերաշրջանի փոխարեն ժամանակ շահելու համար նկարահանեց պրիկվելը, սակայն չարաբաստիկ հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց:

Վերջին երկու եթերաշրջաններում Սպարտակի դերը ստանձնեց Լիամ Ջեյմս Մակինթաիրը:

Ամփոփելով նշենք, որ եթե դուք հրաշալի բեմադրված մարտերի, արյունոտ տեսարանների, Հին Հռոմի մթնոլորտի սիրահար եք, բայց միեւնույն ժամանակ գրագետ կազմված սյուժե եք նախընտրում, ապա այս սերիալը հենց ձեզ համար է:

Դե ինչ, հաճելի դիտում:

 




                                                                                     Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE