«Դա կարծես հենց այն է, ինչ ինձ տարվա մեջ գոնե 92 օր անհրաժեշտ է». Ջուլիա Եղշատյանի ամառային հուշերը

13:03   18 օգոստոսի, 2018

Ամառն արդեն ավարտվում է, ինչի համար շատերն ուրախ են, ոմանք էլ տխրում են, որ շուտով ջերմ եղանակը կփոխարինվի անձրեւոտ ու թաց աշնան շնչով: Մինչ ոմանք ամեն գնով փորձում են վայելել ամռան շոգը՝ ես անհամբերությամբ սպասում եմ հով ու զով իմ փրկչին՝ աշնանը:) Սակայն մինչ այդ NEWS.am STYLE-ի ամառային վերջին բլիցներն ենք ներկայացնում՝ հատուկ շոգ եղանակի սիրահարների համար:)

Այս անգամ իմ հարցերին պատասխանել է «Երեւի» հեռուստասերիալի դերասանուհի Ջուլիա Եղշատյանը:

Ջուլիա, սիրո՞ւմ ես ամառը:

Սիրում եմ ամառը, քանի որ այն կարծես հենց այն է, ինչ ինձ տարվա մեջ գոնե 92 օր անհրաժեշտ է...

Ամառային նախընտրելի հանգիստը:

Նախընտրում եմ ակտիվ հանգիստ: Երբ հանգիստդ ակտիվ է հիշելու պահերը շատ են... Իսկ ինձ կյանքում պետք են հիշողության դրական պաշարներ:

Ինչպե՞ս ես պաշտպանվում տապից:

Գնում եմ վայրեր, որտեղ կարող եմ լողալ:

Տրամադրության վրա շոգն ազդո՞ւմ է:

Սիրում եմ մեղմ տաք եղանակ... Շատ շոգ եղանակը քաղաքային պայմաններում, այո, կարող է ազդել տրամդրությանս վրա:

Ամենադրական հիշողությունը կապված ամռան հետ:

Այս ամառն, ի տարբերություն նախորդ տարիների ամառների, լրիվ աշխատանքային էր: Իհարկե, դա չխանգարեց, որպեսզի օրացույցում դրական պահեր ավելացնեմ: Հասցրել եմ հանգստանալ մի փոքր, բայց այս անգամ Հայաստանի սահմաններում: Ընկերուհուս հետ ընտրեցինք ամենահարմար եւ հով գոտին ու փորձեցինք մի փոքր կտրվել առօրյայից: Ինչքան գժություն ասես՝ արել ենք:) Հիշողությունների մեծ պաշարով եկել-հասել ենք Երեւան:

Ինչպե՞ս էիր անցկացնում դպրոցական արձակուրդներն ամռանը:

Դպրոցական տարիների ամառային արձակուրդները ամենասպասվածն էին...  Ինձ համար տանջալից ամիսներից հետո վերջապես օրեր՝ առանց տնային աշխատանքների... Ամռան ամենասպասվածը հանդիպումն էր, երբ ես գնում էի իմ սիրելի Կիրովական` տատիկիս ու պապիկիս մոտ: Լինելով նրանց միակ աղջիկ թոռնիկը՝ հոգատարությունն ու ուշադրությունն ավելի շատ էր ... Մանկուց ունեմ ձեւավորված բնավորություն`տարվա մեջ գոնե չորս անգամ պետք է գնամ Կիրովական: Ես այնտեղ զգում եմ այն պարզությունը, որ տարվա մեջ պակասում է կյանքիս ռիթմին...

Երկիր, որտեղ երազում ես հանգստանալ:

Ճանապարհորդելը երազանք չէ ինձ համար, դա ցանկություն է: Ցանկանում եմ լինել Բարսելոնայում, Փարիզում, Վենետիկում:

Երկիր, որը խորհուրդ կտայիր այցելել մյուսներին:

Թող ամեն մարդ գոնե մեկ անգամ լինի այնտեղ, ուր թափառում են իր մտքերը...

Ինչպե՞ս ես պլանավորում անցկացնել ամռան վերջին օրերը:

Ծրագրերս ամռան ավարտի հետ վերջանում են... Ժամանակն է մտածելու չկրկնվող աշնան մասին...

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ջուլիա Եղշատյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE