Վարսան՝ Գոռ Սուջյանի հետ համատեղ 5 տարիների, երաժշտական կարիերան թողնելու եւ որդու մասին

13:05   21 օգոստոսի, 2018

Հայկական շոու-բիզնեսում տարբերվող եւ ինքնատիպ արտիստներն այնքան էլ շատ չեն: Տարիներ առաջ Վարսան դարձավ հենց այդպիսիներից մեկը, սակայն այսօր երգչուհին երաժշտական կարիերան թողել է՝ իր ուշադրությունն ամբողջությամբ նվիրելով ընտանիքին:

NEWS.am STYLE-ը Վարսայի հետ զրուցել է կարիերայի, ամուսնու՝ Գոռ Սուջյանի հետ համատեղ 5 տարիների, որդու նախասիրությունների եւ այլ թեմաների շուրջ:

Վարսա, քո կարիերայի սկիզբը բավականին խոստումնալից էր՝ տարբերվող կերպար, հետաքրքիր երգացանկ ու յուրօրինակ տեսահոլովակներ. այսօր ինչո՞ւ քեզ չենք տեսնում նոր աշխատանքներով. ներկայիս շոու-բիզնեսը քեզ չի՞ գոհացնում, թե՞ ընտանեկան կյանքը թույլ չի տալիս:

Եկավ մի պահ, երբ հասկացա, որ երգելն ինձ համար հաճույք է, քանի որ շատ եմ սիրում երաժշտություն, բայց կարիերա ասվածը երգարվեստի մեջ ինձ համար չէ: Միգուցե, նորից սկսեմ երգել, բայց միայն հաճույքս բավարարելու նպատակով:

Հաճա՞խ ես զղջում արածդ կամ չարածդ քայլերի համար:

Չեմ զղջում… Եթե չանես քայլեր, չես իմանա սխալ էիր, թե ճիշտ: Ուղղակի կարեւոր է, երբ նայում ես արածդ քայլերին, եւ դրանց մեջ սխալներ տեսնելով, փորձում ես փոխվել եւ նորոգվել:

Ինչո՞վ ես զբաղվում որդուդ դաստիարակությունից բացի:

Զբաղվում եմ շատ տարբեր բաներով: Կին լինելն առանձին մասնագիտություն է: Բացի այն, որ պետք է լինես լավ կին, լավ մայր, դու պետք է լինես լավ խոհարար, լավ մաքրուհի, լավ հոգեբան:) Իսկ բացի տնային կյանքից՝ նոր մասնագիտություն եմ ուսումնասիրում:

Վերջեւս դու եւ Գոռը նշեցիք ձեր ամուսնության 5-րդ ամյակը: Ինչպիսի՞ն էիր դու 5-6 տարի առաջ, ինչպիսի՞ն ես հիմա: Ամուսնական կյանքը շա՞տ է փոխել քեզ:

Իհարկե, շատ եմ փոխվել: Մինչեւ ամուսնությունը ես լրիվ ուրիշ տեսակի մարդ եմ եղել: Նայելով ետ՝ շատ անգամ զարմանում եմ: Կարծում եմ՝ կարեւոր է, որ մեր ներսի մարդը միշտ նորոգվի:

Այս 5 տարիների ընթացքում դժվարություններ եղե՞լ են ձեր ընտանիքում: Ինչպե՞ս եք սովորաբար հաղթահարում դրանք:

Դժվարություններ չեմ կարող ասել, որ եղել են, բայց ցանկացած ընտանիքում լինում են՝ թեկուզ փոքր խնդիրներ: Կարծում եմ՝ միակ բանը, որ օգնում է դրանք հաղթահարել, սերն է: Եթե ընտանիքում կա սեր, ուրեմն ամեն բան հնարավոր է հաղթահարել:

Ինչի՞ շուրջ են սովորաբար լինում ձեր տարաձայնությունները:

Տարաձայնություններ շատ չեն լինում, քանի որ հիմնականում ամեն բանի շուրջ նույն ձեւ ենք մտածում:

Հետաքրքիր է՝ Գոռն ինչպե՞ս է վերաբերվում քո՝ բեմում լինելու հանգամանքին: Կցանկա՞, որ ակտիվ շարունակես երգչուհու կարիերադ:

Գոռն ինձ համար ցանկանում է այն, ինչի մեջ ես ինձ լավ եմ զգում: Եթե ցանկանամ լինել բեմում, նա ոչ միայն դեմ չի լինի, այլեւ կօգնի:

Զուգերգով ներկայանալու նպատակ կամ ծրագրեր չկա՞ն:

Գոռն, առհասարակ, չի սիրում դուետներ: Այդպիսի ցանկություն դեռ չի առաջացել ոչ ինձ մոտ, ոչ էլ՝ նրա:

Ինչպիսի՞ն է ձեր որդին: Երաժշտական հակումներ ունի՞:

Չեմ կարող ասել, որ շատ է սիրում երաժշտություն, բայց դրա մասին դեռ շուտ է մտածել: Այս տարիքում երեխաներն ամեն բան սիրում են անել, չնայած՝ անտարբեր չէ թմբուկի եւ կիթառի հանդեպ, նաեւ ունի լավ ռիթմի զգացողություն:

Վարսա, ամառն ինչպե՞ս եք անցկացրել ընտանիքով:

Ամառն անցկացրել ենք այնպես, ինչպես մյուս բոլոր ամիսները:)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE