Առաջարկում ենք դիտել. «Գրասենյակային խառնաշփոթ»՝ երբ դառնում ես «գրասենյակի գերին»

17:35   21 օգոստոսի, 2018

Երեքշաբթին NEWS.am STYLE-ն առաջարկում է եզրափակել կինոդիտմամբ: Այսօրվա մեր առաջարկած ժապավենը կհետաքրքրի սարսափ ու կատակերգություն ժանրերի միքսի սիրահարներին:

«Գրասենյակային խառնաշփոթ»/Office Uprising ֆիլմը պատմում է առաջին հայացքից սովորական գրասենյակի մասին, որտեղ, սակայն, սկսում է տարօրինակ դաժանություն տիրել:

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Դեզմոնդը, սովորական տղա է, որն աշխատում է զենքեր մատակարարող գրասենյակում եւ որը բացահայտորեն ձանձրանում է իր աշխատանքից: Նա սովորական ալարկոտ է, որի հետ կոլեկտիվում ոչ ոք չի շփվում, նույնիսկ, Սամանթան, որին նա մինչեւ ականջները սիրահարված է: Այսպես, նա անհաջող կյանք է վարում, մինչեւ որ ամեն ինչ ավելի է բարդանում:

Շուտով նրանց գրասենյակ են բերում էներգետիկ ըմպելիք, որը ստեղծել են զինվորականները, իբր զինվորներին ավելի դիմացկուն դարձնելու նպատակով: Սակայն ամեն ինչ շատ վատ արդյունք է ստանում: Յուրաքանչյուրն, ով խմում է այդ ըմպելիքից, դառնում է մոլագար, որի միակ նպատակը սպանելն է: Այսպիսով, գրասենյակում սթափ շարունակում են մնալ միայն Դեզմոնդը, Սամանթան եւ եւս մի քանի հոգի, որոնց նպատակը դառնում է համախմբվելն ու այդ գրասենյակից ողջ դուրս գալը…

Ամերիկյան արտադրության այս ֆիլմի ռեժիսորը Լին Օդինգն է, դերերեւմ հանդես են գալիս Բրենտոն Թուեյթեսը, Ջեյն Լեւին, Իեն Հարդինգը, Կարան Սոնին եւ այլք:

Կադրերը՝ ֆիմից



© NEWS.am STYLE