Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը բարեգործական խաղարկություն են կազմակերպում՝ ի աջակցություն «Բարի տնակի»

23:50   21 օգոստոսի, 2018

Սերժ Թանկյանը, Անժելա Թանկյանն ու Ջոն Դոլմայանը կազմակերպել են բարեգործական խաղարկություն «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության «Բարի տնակ» ներառական կենտրոնի համար:

Լաս Վեգասում անցկացվելիք համերգի խաղարկվող տոմսերից ցանկացածը կարող է շահել:

Երկու հաջողակ շահողները հնարավորություն կունենան իրենց իսկական ռոք-աստղ զգալ՝ զրուցել Սերժ Թանկյանի ու Ջոն Դոլմայանի հետ կուլիսներում, միասին ճաշել, ունենալ 2 դաս Ջոնի հետ ու հնարավորութուն ստանալ շահել Սերժ Թանկյանի drumset-ը:

Խաղարկության տոմսերի գինը սկսվում է 25 դոլարից, իսկ գումարն ուղղվելու է «Բարի տնակի» առաջին մասնաշենքն ավարտելուն ու երկրորդը կառուցելուն:



«Աճուրդ կազմակերպելն ու «Բարի տնակի» կառուցմանն աջակցելը Անժելա Թանկյանի միտքն էր, ով հանդիսանում է «Բարի մամա» ՀԿ-ի խորհրդի անդամ: Մենք զբաղվում ենք մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցելով, իսկ «Բարի տնակը» ապաստարան է այն մայրերի համար, ովքեր չեն ուզում հրաժարվել իրենց երեխաներից, բայց տեղ չունեն գնալու» , - մեզ հետ զրույցում նշեց «Բարի մամայի» հիմնադիր-նախագահ Մարինա Ադուլյանը:

«Այս աճուրդը մեծ հնարավորություն է «Բարի մամա» ՀԿ-ի համար, որ կարողանանք ստեղծել իր տեսակի մեջ եզակի համալիր, որտեղ մանկատներում արդեն իսկ ապրող հաշմանդամություն ունեցող երեխաները ոտքի կկանգնեն եւ լիարժեք կյանքով կապրեն, իսկ բազմաթիվ երեխաներ մանկատուն չեն հասնի: «Բարի տնակն» իսկապես մեծ հնարավորություն է տալիս Հայաստանը առանց մանկատների դարձնել եւ կարծրատիպերը կոտրել: Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր միանում են մեզ այս դժվար ճանապարհին» , - հավելեց Մարինան:



Դե ինչ, այս խաղարկությունն իսկապես հրաշալի առիթ է հաճելին իրապես օգտակարի հետ համատեղելու համար:






                                                                                                           Լուսանկարները՝ omaze

                                                                                               Պատրաստեց Սյուզի Մսրյանը





© NEWS.am STYLE