Exclusive. «Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել». Գարիկ Մարտիրոսյան

13:06   22 օգոստոսի, 2018

Ինչպես արդեն տեղեկացրել ենք սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի կունենա մեր բոլորի կողմից սիրված՝ Comedy Club-ի փառատոնը: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում նկարահանվելու են շոուի թողարկումները, որոնք կցուցադրվեն ТНТ հեռուստաալիքով: Երեւան են ժամանելու Comedy Club-ի բոլոր առաջատար աստղերը (ինչպես նաեւ հիանալի հյուրեր, որոնց շարքում կլինի նաեւ, ուշադրություն. Միխայիլ Գալուստյանը): Իսկ մենք այս մեծ իրադարձության սպասումով լցված որոշեցինք զրուցել շոուի գլխավոր առաջնորդի՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ, ով ներկայացման կարիք հաստատ չունի:

Գարիկ, ինչո՞վ է պայմանավորված փառատոնը Երեւանում անցկացնելու որոշումը

Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան:

Ձեր սիրելի վայրը Երեւանում:

Սիրելի քաղաքում ոչ սիրելի վայր չկա: Կան վայրեր, որոնք առաջացնում են առանձնահատուկ ջերմ զգացմունքներ. Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը, ուր ես հաճախել եմ տասը տարի, իմ հարազատ ԵրՄի-ն, Ալավերդյան փողոցը, որտեղ ես ծնվել եւ մեծացել եմ, Կոմիտասի անվան պրոսպեկտը, որտեղ ապրել եմ երկար տարիներ, եւ իհարկե, ԵՐՊԻ-ի շենքը, որտեղ մենք երիտասարդ տարիքում հավաքվում էինք ՈՒՀԱ-ի՝ «Նոր հայեր» թիմով:

Թթի թե ծիրանի:

Ոգելից խմիչքներ չեմ օգտագործում, սակայն հանուն Երեւանի տարեդարձի երկու տարբերակն էլ միանգամից լցրեք մեկ բաժակի մեջ. կխմեմ մեր քաղաքի համար!

Վստա՞հ եք, որ Խարլամովին հնարավոր կլինի երեւանյան ռեստորաններից հանել եւ տեղափոխել բեմ:

Վստահ չեմ: Չնայած, Խարլամովի այժմյան չափսերն այնպիսին են, որ սկզբում հարկավոր է փորձել, որպեսզի նա մտնի ռեստորանի դռներից ներս, որ հետո փորձենք հանել:

Ձեր կինը հիանալի հումորի զգացում եւ Instagram ունի: Ինչու՞ նրան թույլ չեք տալիս ելույթ ունենալ բեմում:

Շնորհակալություն կոմպլիմենտի համար: Ժաննա իսկապես կատակում է հիանալի, բայց Comedy Club-ի ճանապարհը նրա համար դեռ փակ է: Մենք մեր երեխաներին ենք դեռ բացատրում, որ Comedy Club-ը, որտեղ ելույթ է ունենում իրենց հայրը նայել չի կարելի, իսկ եթե մայրն էլ այնտեղ ելույթ ունենա, ապա մենք «քաշվել ենք»: Կսպասենք մինչեւ նրանք դառնան 18 տարեկան եւ Ժաննային հաճույքով թույլ կտանք բարձրանալ բեմ:

Comedy Club-ում գոյություն ու՞նի ցենզուրա: Եթե այո, ապա չեք վախենում, որ ժամանակի ընթացքում այն կդառնա նույնքան ձանձրալի, որքան այժմ ՈՒՀԱ-ն է:

ՈՒՀԱ-ն ապրում է տարեր ժամանակաշրջաններ, եւ ձանձրալի այն ես չէի անվանի. Ամեն դեպքում յուրաքանչյուր թիմ կամ խաղ միմյանց նման չեն: Լինում են շատ զվարճալի եւ միջին ելույթներ, ինչպես եւ Comedy Club-ում: Ցենզուրա մեզ մոտ ակումբում չկա, ավելի ճիշտ՝ միայն ներքին: Մենք ինքներս ենք փորձում շրջանցել պատերազմի, մարդկային ողբերգությունների մասին, կրոնական թեմաները: Իսկ, եթե ինչ-որ մեկին այս տարիների ընթացքում նեղացրել ենք, ապա պատահական է ստացվել. Չէ՞ որ մենք կենսուրախ եւ բարի հաղորդում ենք:

 

 

Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE