«Այնտեղ իմ ամբողջ կյանքն է». Արծվիկի երաժշտական նորությունն ու նոր ֆոտոշարքը

12:08   23 օգոստոսի, 2018

Մոսկվաբնակ երգչուհի Արծվիկը, որը նախորդ տարի Կիեւում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակում ներկայացրեց Հայաստանը, երաժշտական նորություն ունի: Օրեր առաջ երգչուհին թողարկել է իր նոր ձայնասկավառակը՝ It’s Time խորագրով: Այն ընդգրկում է 6 անգլալեղու երգ, եւ երգչուհու խոսքով՝ յուրահատուկ տեղ է զբաղեցմում իր սրտում եւ մյուս աշխատանքների մեջ:

NEWS.am STYLE-ը զրուցել է Արծվիկի հետ եւ պարզել, թե ինչով է ձայնասկավառակն այդքան յուրահատուկ երգչուհու համար.

«Արդեն 5 տարի է՝ աշխատում էի այդ ձայնասկավառակի վրա: Կյանքիս կեսը երեւի անցավ. այս ձայնասկավառակում իմ ամբողջ կյանքն է, բոլոր երգերը կապված են ինձ հետ, այն, ինչ երգում եմ, անցկացրել եմ ինքս իմ միջով: Մի քիչ երկար տեւեցին աշխատանքները, բայց խնդիրն իմ մեջ չէր, iTunes-ի հետ կապված էր: 2018 թ-ի նախաշեմին արդեն վերջացրել էի ձայնագրման աշխատանքները»,-ոգեւորված նշեց նա:

Արծվիկի ձայնասկավառակն արդեն երկու շաբաթ է, ինչ հասանելի է համացանցում: Երգչուհին շատ անհամբեր է, ասում է. «Շատ հպարտ եմ այս սկավառակով, ուզում եմ բոլորը լսեն ու տեսնեն կատարված աշխատանքը: Ձայնասկավառակում ընդգրկված է 6 երգ՝ գումարած intro-ն, պետք է լիներ Fly With Me-ն, սակայն Universal-ի հետ կապված խնդիրներ կային, եւ այն չներառվեց ձայնասկավառակում»:

Ինչ վերաբերում է անգլալեզու ալբոմ թողարկելուն՝ Արծվիկը նշում է.

«Ես միշտ մտածել եմ, որ պետք է անգլերենով ձայնասկավառակ թողարկեմ, քանի որ այդ լեզուն շատ եմ սիրում, դեռ վաղ հասակից երգել եմ անգլերենով եւ, իհարկե, կան նպատակներ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ելույթներ ունենալու: Այնտեղ ներառված բոլոր երգերն էլ շատ սիրում եմ, ամեն մեկը մի հեքիաթ է ինձ համար, բայց կառանձնացնեի It’s Time-ը, որի հիման վրա մի տեահոլովակ եմ առանձնացրել, որտեղ ամփոփովում են իմ եվրատեսիլյան օրերը»,-ասում է երգչուհին, որն այս տարվա ամառն անցկացրել է Մոսկվայում.

«Աշխատում եմ նոր երգերի վրա, ուզում եմ թողարկել նաեւ հայկական երգերի ձայնասկավառակ: Երկու երգ արդեն ունեմ, կամաց, բայց սահուն շարժվում ենք առաջ:) Նաեւ ժողովրդական երգերի ձայնասկավառակ եմ ցանկանում ունենալ: Իսկ Հայաստան կգամ երեւի սեպտեմբերի վերջին, որովհետեւ կունենամ նաեւ նկարահանումներ ու ելույթներ»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գոհար Մուրադյանի



© NEWS.am STYLE