«Հուսադրող է, որ մեր երիտասարդությունը ցանկանում է տեր կանգնել մեր ազգային մշակույթին». Երեւանում կայացավ «Գութան» փառատոնը (ֆոտո/վիդեո)

22:27   24 օգոստոսի, 2018

Այսօր Գաֆէսճեան քանդակների պարտեզում անցկացվեց «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցեցին մոտ երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո) նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Այս փառատոնի շնորհիվ մենք կարողանում ենք իրականություն դարձնել մեր երազանքը: Այս երգն ու պարը ներկաւյացնում են մեր ինքնությունը, մեր տեսակը, որը մեզ է փոխանցվել դարերի խորքից: Մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ, որպեսզի այն հարատեւի, որպեսզի փոխանցենք գալիք սերունդներին: Եթե մենք առաջին տարին սկսեցինք 10 խմբով, այսօր ունենք 21 խումբ, ունենք խմբեր, որոնք նոր են ստեղծվել:

Այս փառատոնով մենք ցանկանում ենք ցույց տալ մեր հայրենակիցներին եւ արտասահմանցիներին այն մշակույթը, որը պատկանում է Հայաստանին: Մասնակիցների զգալի մասը երիտասարդներ են: Հուսադրող է, որ մեր երիտասարդությունը ցանկանում է տեր կանգնել մեր ազգային մշակույթին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արսեն Գրիգորյանը:

NEWS.am STYLE-ն առաջարկում է հետեւել փառատոնի մանրամասներին՝ մեր պատրաստած տեսանյութերի միջոցով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE