«Սերիալամոլ». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել «Քարտերի տնակը»

17:45   26 օգոստոսի, 2018

«Եթե դուք չեք հետաքրքրվում քաղաքականությամբ, դա դեռ չի նշանակում, որ այն չի հետաքրքրվում ձեզնով», - այս մասին գիտեն անգամ մարդիկ, որվքեր քննարկում են քաղաքական հարցերն իրենց խոհանոցում:

Մենք շարունակում են «Սերիալամոլ» շարքը, ու ինչպես արդեն հասկացաք, ձեր ուշադրությունը հրավիրելու ենք «Քարտերի տնակ» քաղաքական սերիալի վրա:

«Քարտերի տնակը» (House of Cards) ամերիկյան քաղաքական թրիլլեր հեռուստասերիալ է, որի պրեմիերան կայացել է Netflix.-ում:



Դեմոկրատական կուսակցության կոնգրեսմեն Ֆրենք Անդերվուդը օգնում է Գարետ Ուոքերին դառնալ ԱՄՆ նախագահ: Ընտրություններից հետո Անդերվուդին հայտնում են, որ նա չի կարող ստանձնել պաշտոնը, որին այդքան ձգտում էր: Բարկացած Ֆրենքն ու նրա կինը՝ Քլերը պատրաստ են դիմել ամեն քայլի նորաթուխ նախագահից վրեժխնդիր լինելու համար:

Եւ այսպես, սերիալը մեզ տանում է ամենադեմոկրատ երկրի ներքին խոհանոցի կիզակետ: Դիտողը հնարավորություն ունի հետեւել քաղաքական ինտրիգներին ու խաղերին:

Սերիալը հրաշալի կերպով ցուցադրում է մերօրյա իշխանությունների կեղծավորությունը: Կերպարներն ու իրողությունները հեշտությամբ կարելի է ասոցացնել մեր իրականության հետ:

Քեւին Սփեյսիի խաղն, իսկապես, գովեստի է արժանի:

Սերիալում չեք հանդիպի չափազանց դինամիկ կադրերի, փոխարենը՝ հեռուստադիտողին առաջարկվում է «մտքի խաղ»: Սփեյսիի կերպարի գրավչությունն այնքան մեծ է, որ չնայած նրա կեղծավորությանն ու երկերեսանիությանը, հեռուստադիտողը գիտակցում է, որ ամբողջ սրտով ուզում է, որ հերոսը հասնի իր նպատակներին:

Չի կարելի մոռանալ նաեւ Ռոբին Ռայթի (Քլեր Անդերվուդ) խաղի մասին: Նրա կերպարը վառ ապացույցն է այն բանի, որ ցանկացած հզոր տղամարդու թիկունքում կանգնած է նույնչափ հզոր կին: Սերիալի ստեղծողները վարպետորեն են կերտել այս ամուսնական զույգը, որը ոչնչի առաջ կանգ չի առնում սեփական ամբիցիաներն իրականացնելու ճանապարհին:

Սփեյսիի ու Ռայթի համատեղ խաղը նման է ուժեղ քիմիական ռեակցիայի, որը չնկատելն անհնար է:



«Հավատում եմ» , - կգոչեր Ստանիսլավսկին՝ այս դերասանների խաղին հետեւելիս:

Մեր կարծիքով սերիալի հիմնական գաղափարն այն է, որ քաղաքական համակարգն այնքան փտած է ամենուր (նույնիսկ բարձր քաղաքակրթության երկրներում), որ ցինիկ ու կեղծավոր միջավայրում մարդն ընդամենը միջոց է, այլ ոչ թե նպատակ:

Լինի դա ճշմարտության հետքերով վազող լրագրող, թե վեհ նպատակներ հետապնդող երիտասարդ կոնգրեսմեն, նրանց բոլորին խժռում է համակարգը:

Սերիալի այցեքարտը կարելի է համարել չորրորդ պատի փլուզումը, երբ Սփեյսին ուղղակիորեն դիմում է հեռուստադիտողին: Այդ պահերին Սփեյսին 100 տոկոսով կատարում է իր առջեւ դրված խնդիրը: Զգացվում է, որ ինքը՝ դերասանը, հաճույք է ստանում դրանից:



Սկանդալն, ինչպես միշտ, անպակաս է:

2017 թվականի հոկտեմբերի 17-ին, երբ Սփեյսին մեղադրվեց սեռական ոտնձգություններում, Netflix-ը հայտարարեց, որ 6-րդ եթերաշրջանը վերջինն է լինելու սերիալի համար, իսկ հաջորդ օրը պարզ դարձավ, որ եթերաշրջանի նկարահանումները կասեցվել են: 2017 թվականի նոյեմբերի 3-ին հայտարարվեց, որ Սփեյսին հեռացվել է սերիալից, իսկ սերիալի հետագա գլխավոր հերոսը կլինի նախագահի կինը՝ Ռոբին Ռայթը:

Այս պահին թողարկվել են 5 եթերաշրջանները, իսկ վեցերորդի ցուցադրությունը պլանավորվում է 2018 թվականի նոյեմբերի 3-ին:

Թե ինչով կավարտվի «Քարտերի տնակը», կպարզենք նոյեմբերին:

Դե ինչ, հաճելի դիտում:




                                                                                       Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE