«Մի գեղեցիկ օր որոշեցի, որ դեմքս պետք է փոխվի». Ջուսը՝ քթի պլաստիկ վիրահատության եւ նոր զգացողությունների մասին

14:05   28 օգոստոսի, 2018

Պարզվում է՝ նույնիսկ ամենահամարձակ թվացող մարդիկ ունեն որոշակի բարդույթներ, որոնք կյանքի ընթացքում շտկում են: Այսպես օրինակ՝ հայկական շոու-բիզնեսի ամենայուրահատուկ եւ սկանդալային երգչուհիներից մեկը՝ Ջուսը, որը թվում է, թե ոչ մի բանից չի վախենում եւ չի բարդույթավորվում, երկու ամիս առաջ դիմել է պլաստիկ միջամտության: Երգչուհին փոխել է քթի ձեւը: Ջուսը վիրահատությունից հետո չէր շտապում ցուցադրել իր նոր քիթը՝ լուսանկարներում կոծկելով այն, ինչը, սակայն, չէր վրիպում ուշադիր հետեւորդների աչքերից: Սակայն այդ շրջանում երգչուհին չէր ցանկանում խոսել այդ թեմայով. պատճառը թեմայից խուսափելը չէր, պարզապես վիրահատությունից հետո ժամանակ էր պետք, որպեսզի քիթը ստանա իր վերջնական կառուցվածքը: Այսօր արդեն Ջուսը NEWS.am STYLE-ին ոչ միայն պատմել է արտաքին նոր փոփոխության մասին, այլեւ տրամադրել նոր լուսանկարներ, որոնցում կրկին փայլել է իր շոկային ու խենթ կերպարով:

Երգչուհին նշեց, որ պլաստիկ միջամտության հիմնական պատճառը հանրային մարդ լինելու հանգմանքն է.

«Քանի որ ես հանրային մարդ եմ, որտեղ գնում եմ՝ տեսախցիկների առջեւ եմ հայտնվում: Ինձ միշտ լուսանկարում են տարբեր ռակուրսներից, իսկ այն լուսանկարներում, որոնցում պրոֆիլից էի, գեղեցիկ չէի ստացվում՝ քիթս երկար էր երեւում եւ կախ: Եվ ես սկսում էի զանգահարել օպերատորներին եւ լուսանկարիչներին՝ խնդրելով, որ հանեն տվյալ կադրերը կամ լուսանկարները: Բացի այդ, ես ինքս էլ, երբ ինձ լուսանկարում էի, միայն մի երկու ռակուրսից էի գեղեցիկ ստացվում, իսկ մնացած լուսանկարները ստացվում էին ոչ իդեալական, եւ ես ֆոտոշոփի միջոցով ուղղում էի դրանք: Մի գեղեցիկ օր էլ որոշեցի, որ դեմքս պետք է փոխվի, որ ամեն ռակուրսից լինեմ գեղեցիկ: Գտա մի հիանալի մարդու, պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժ Աշոտ Հարությունյանին, որը ստացավ իմ ցանկացած արդյունքը: Կարծում եմ՝ եթե մարդը նեղվում է իր արտաքինից ու դա իրոք գեղեցիկ չէ, պետք է դա շտկել»,-անկեղծացավ երգչուհին, որը երբեք չի մատնել իր բարդույթները.

«Ես միշտ մտածում էի, որ քիթս յուրահատուկ է եւ չէի ցանկանում դիմել ոչ մի պլաստիկ միջամտության: Բայց մի նրբություն կա, մարդու ականջներն ու քիթը ամբողջ կյանքի ընթացքում աճում են: Իմ քթի ձեւը սկսեց փոխվել՝ ավելի կախ դարձավ եւ մեծ, եւ ես որոշեցի, որ պետք է շտկել այդ փոքրիկ թերությունը»:

Երգչուհին խոստովանում է՝ արտաքին փոփոխությունը հանգեցրել է նաեւ ներքին փոփոխությունների.

«Հիմա առանց ֆոտոշոփի եւ բարդույթների ես նկարահանվում եմ տարբեր ռակուրսներով, ժպտում եմ, զգում եմ ինձ ավելի ազատ: Փոխվել է նաեւ մարդկանց վերաբերմունքը՝ դեպի ավելի լավը: Դեմքս էլ նրբացել է, դիմագծերս ավելի մեղմ են դարձել: Պլաստիկ միջամտությունը կատարվել է հունիսի 21-ին, դեռ քիչ ժամանակ է անցել՝ երկու ամիս, քիթս էլ ավելի կնրբանա, քանի որ 6 ամսից մինչու մեկ տարվա ընթացքում այն ձեւափոխվում է»,-նշեց նա՝ խոստովանելով.

«Ահավոր վախենում էի վիրահատությունից, մանավանդ, որ երբեք նարկոզ չէի տարել; Բայց ասեմ, որ ոչ ցավ եմ զգացել, ոչ էլ հետվիրահատական պրոցեսը երկար տեւեց: Դա նաեւ բժիշկից է գալիս, որն ունի շատ թեթեւ ձեռք եւ առաջին երկու օրերին շատ ճիշտ խնամք է հատկացնում պացիենտներին»:

Նոր արտաքինից զատ՝ Ջուսը չի դադարել աշխատել նաեւ ստեղծագործական նորությունների շուրջ.

«Իհարկե, սպասվում են նոր տեսահոլովակներ, նկարահանումներ եւ գայթակղիչ ֆոտոշարք: Անակնկալներ միշտ էլ կլինեն իմ երկրպագուների համար»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE