Դեն Բիլզերյանի հայաստանյան այցի ամենահետաքրքիր մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ամփոփոման մեջ (տեսանյութ)

15:05   30 օգոստոսի, 2018

Ամերիկահայ հայտնի միլիոնատեր, «Պոկերի արքա» եւ ինստագրամյան աստղ Դեն Բիլզերյանի հայաստանյան այցը այս շաբաթվա գլխավոր թեման էր: Հանրաճանաչ մեր հայրենակիցն իր կարճատեւ այցով եւս մեկ երկարատեւ հիշեցում թողեց աշխարհին մեր երկրի եւ ազգային առանձնահատկությունների մասին:

Բիլզերյանը սեփական ինքնաթիռով Հայաստան ժամանեց օգոստոսի 27-ին՝ վաղ առավոտյան: Նրան ուղեկցում էին մոդել Սուելն Մեդեիրոսը եւ օգնական Լեսլի Աննաբելը: Հայտնի հյուրերը հանգրվանեցին Armenian Marriot հյուրանոցում, որի մուտքի մոտ արդեն առավոտից հարմար տեղավորվել էին պապարացիներն ու երկրպագուները: Բիլզերյանը քչախոս էր, սակայն NEWS.am STYLE-ի հարցին՝ արդյոք հավանե՞լ է Հայաստանը, «Պոկերի արքան» դրական պատասխան է տվել: Փոխարենն ավելի անմիջական էին նրան ուղեկցող գեղեցկուհիները՝ Սուելնն ու Լեսլին, որոնք մեր թղթակցի հետ զրույցում միայն հիացական խոսքեր արտահայտեցին Հայաստանի, հայերի, հայկական խոհանոցի եւ միջավայրի մասին:

Մինչ շատերին հետաքրքրում էր, թե ինչու է հայտնի միլիոնատերը եկել հայրենիք, նա կամաց-կամաց բացահայտեց իր այցի նպատակը: Իր այցի հաջորդ օրը Դենը ստացավ Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառման կանգնեց Հայաստանի զինված ուժերում: Այդ օրը բավականին հագեցած էր «Պոկերի արքա»-ի համար: Քանի որ այցը կարճատեւ էր, նա պետք է հասցներ տեսնել առավելագույնս շատ բան իր հայրենիքում: Դենը մի քանի ժամ շրջեց Երեւանի կենտրոնով եւ ընթրեց Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի հետ, որից հետո Լեւոնի եւ նրա կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի ուղեկցությամբ՝ Բիլզերյանն ու նրա թիմը շտապեցին տեսնելու գեղատեսիլ Սեւանը: Նրանք Երեւան վերադարձան ուշ երեկոյան:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 28-ն, առավել հագեցած էր Բիլզերյանի համար: Կրկին Լեւոն Քոչարյանի ու Սիրուշոյի ուղեկցությամբ՝ Դենը՝ հոր, եղբոր եւ երկու գեղեցկուհիների հետ մեկնեց Ստեփանակերտ: Նրանք Արցախ ուղեւորվեցին ուղղաթիռով: Այնտեղ Բիլզերյանը հանդիպում ունեցավ Արցախում Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, տեսավ հայտնի «Մենք ենք մեր սարերը» հուշաձանը, եղավ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում եւ Արցախի ռազմական բազայում: Երեւան վերադառնալուց հետո նա կրկին «բախվեց» պապարացիների եւ երկրպագուների հետ: Հատկանշական է, որ չնայած քչախոսությանը՝ Դենը սիրով եւ ժպիտով էր լուսանկարվում երկրպագուների հետ եւ բոլորովին չէր խուսափում տեսախցիկներից:

Օգոստեսի 29-ին՝ Թաիլանդ մեկնելուց առաջ, Բիլզերյանն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հայաստանյան այցի ընթացքում, միգուցե, Բիլզերյանը դեռ գլխի չի ընկել, բայց NEWS.am STYLE-ն ամենուրեք նրա հետ էր:) Մենք ներկայացրեցինք ամեն հնարավոր բան, որ կարողացել էինք ճշտել մեր աղբյուրների շնորհիվ:) Այն, ինչ հասցրեցինք ֆիքսել բիլզերյանական կարճատեւ այցից, ներկայացնում ենք փոքրիկ տեսանյութում:



© NEWS.am STYLE