Լոս Անջելեսի ոստիկանները սպանել են «Շտապ օգնություն» սերիալի աստղին

12:04   1 սեպտեմբերի, 2018

Լոս Անջելեսի ոստիկանները «Շտապ օգնություն» սերիալի աստղ Վանեսա Մարկեսին սպանել են իր իսկ տան մեջ: Ինչպես հայտնում է Variety-ն, ոստիկանությունը Փասադենայում գտնվող դերասանուհու տուն է ժամանել դռնապանի զանգից հետո, որը հայտնել է, որ Մարկեսի բնակարանից աղմուկ է լսվում, եւ թե արժի հավաստիանալ, որ կնոջ հետ ամեն ինչ կարգին է:

Կանչով ժամանած ոստիկանները դերասանուհուն 1,5 ժամ ապարդյուն համոզել են հիվանդանոց գնալ: Նա այնուհետեւ ձեռքն է վերցրել օդամղիչ ատրճանակը եւ ուղղել ոստիկանների վրա:

Ոստիկանները ատրճանակը իսկական համարելով՝ կրակել են կնոջ վրա:

Ոստիկանությունից հայտնել են, որ Մարկեսի վրա են կրակել երկու ոստիկաններ, նրա մարմնի մեջ է մխրճվել առնվազն մեկ փամփուշտ: Դերասանուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Վանեսա Մարկեսը առավել հայտնի է հանրահայտ «Շտապ օգնություն» սերիալում բուժքույր Վենդի Գոլդմանի դերով: Ի դեպ, անցյալ տարի դերասանուհին Ջորջ Քլունիին անհիմն մեղադրել էր, որ նրա ռասայական կողմնակալության պատճառով իրեն սերիալից հանել են: Ջորջ Քլունին բազմիցս հերքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ քասթինգի հետ ոչ մի ընդհանուր բան չի ունեցել:



© NEWS.am STYLE