Դենիել Կրեյգն ու Ռեյչել Վայսը դուստր են ունեցել

13:19   1 սեպտեմբերի, 2018

Ջեյմս Բոնդի դերը կատարած ամենավառ դերասաններից 50-ամյա Դենիել Կրեյգն ու նրա կինը՝ 48-ամյա Ռեյչել Վայսը, դուստր են ունեցել, հայտնում է Daily Mail-ը: Առայժմ հայտնի չէ ոչ մի մանրամասնություն, ներառյալ փոքրիկի անունը: Սակայն հայտնի է, որ զույգը Նյու Յորքում է բնակվում, եւ Ռեյչելն, ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ է ծննդաբերել:

Ամուսինները վերջին շրջանում հազվադեպ էին միասին հայտնվում, քանի որ պատրաստվում էին դստեր ծնունդին եւ չէին ցանկանում, որ պապարացիներն իրենց բռնացնեն:

Զույգը երեխաներ ունի նախկին ամուսնություններից: Վայսը 12-ամյա որդի ունի՝ Հենրին, ռեժիսոր Դարեն Արոնոֆսկիից, Դենիել Կրեյգը 26-ամյա դուստր՝ Էլլան, Ֆիոնա Լոուդոնի հետ ամուսնությունից:

Կրեյգը եւ Վայսը սկսել են հանդիպել 2010 թվականին, «Անուրջների տունը» ֆիլմի համատեղ նկարահանումների ժամանակ: Իսկ նրանց սիրավեպն սկսվելուց հետո 6 ամիս անց՝ 2011-ի հունիսին զույգը գաղտնի ամուսնացել է:

 

Լուսանկարները՝ Getty-ի, Rex-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE