«Սերիալամոլ». NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել մոլագարի մասին պատմող «Դեքստերը»

17:06   2 սեպտեմբերի, 2018

Դուք սիրու՞մ եք պատմություններ մոլագարների մասին: Իհարկե սիրում եք, զուր չէ, որ այս ժանրը ամենատարածվածն է ու նույնիսկ պաշտամունքային կարգավիճակ ունի կինոյում:

Դեքստերը նույնպես մոլագար է, բայց ոչ սովորական: Նա մոլագարներին, հասարակության թափոններին սպանող մոլագար է: Ինտրիգն արդեն զգացվում է, այնպես չէ՞:

«Դեքստերը» թողարկվել է 2006-ից 2013 թվականներին Showtime-ով:

Մանկության տարիներին Դեքստերը մեծ սթրես է ապրում՝ նրա աչքի առաջ սպանում են մորը: Այս ամենը նրան դաժան ու արյունատենչ մեկն է դարձնում:

Ոստիկանության աշխատակից Հարրին, որը փոքրիկ Դեքստերին փրկել էր, նրան որդեգրեց: Ժամանակի ընթացքում Հարրին նկատում է Դեքստերի տաօրինակ վարքագիծը, սակայն նրան հոգեբուժարան տանելու փոխարեն, սկսում է օգտագործել ու ուղղել տղայի էներգիան ի օգուտ հասարակության շահերի:



Սերիալը ցույց է տալիս, որ հաճախ չարի դեմ կարելի է հենց չարով պայքարել՝  ներկայացնելով չարյաց փոքրագույնի արժեքը: Այս առումով սերիալի գաղափարախոսությունը բավականին հետաքրքիր է:

Մի կողմից Դեքստերը մարդասպան է, ու նրա տեղը լավագույն դեպքում բանտախուցն է, սակայն միշտ կա նաեւ մեդալի հակառակ կողմնի գործոնը:

Պատահում է, որ ազատության մեջ հերթական զոհ են փնտրում պեդոֆիլները, մարդասպանները, սերիական մարդասպանները, ու օրենքը պարզապես չի կարողանում լուծել այս խնդիրը: Իսկ ահա Դեքստերը, ով սեփական ներքին կանոնադրություն ունի, կարողանում է նրանց պատժել՝ այն էլ միայն լիովին նրանց մեղավորության մեջ վստահ լինելուց հետո:

Այստեղ է, որ հանդիպում ենք սերիալի հակասությանը. պատկերացդրեք, որ մեկ սենյակում երկու մարդասպան կա՝ մեկը սպանել է անմեղ մարդկանց, երեխաների, մյուսը՝ առաջինի պես մի մարդասպանի: Կարելի՞ է արդյոք այս երկու մարդասպաններին դիտարկել միեւնույն հարթության վրա:

Հերոսը բավականին բազմակողմանի ու շերտավոր է: Աշխատելով Մայամիի ոստիկանությունում՝ նա հրաշալի կերպով է քողարկում իր իրական էությունը: Բոլորի համար նա բարոյականության տիպարից բացի նաեւ հրաշալկի մասնագետ է. Նա կարողանում է անգամ արյան չնչին հետքով որոշել, թե ինչն ինչպես է պատահել: Սերիալի մեխերից մեկը Դեքստերի խորթ հոր կերպարն է: Հարրին արդեն վաղուց մահացել է, բայց հաճախ է Դեքստերին հայտնվում նրա ենթագիտակցության շերտերում:

Չափազանց հետաքրքիր է սերիալի մուտքը, որում ցուցադրվում են Դեքստերի ամենասովորական առօրեական գործողությունները, ինչպես՝ սափրվելը, լվացվելը:

Մայքլ Կարլայլ Հոլլը 8 եթերաշրջանների ընթացքում խաղացել է այնպես, կարծես հենց ինքն է Դեքստերը: Նրա խաղը թույլ չի տալիս կասկածել իր տաղանդի վրա: Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Մայքլի աչքերի խաղին, որոնց միջոցով նա բարձրացնում  է կերպարին թաքցնող վարագույրը:

Դեբրա Մորգանի հերոսը, ով Դեքստերի քրոջն է մարմնավորում, եւս աշխատում է ոստիկանությունում: Դեբրան բավականին ագրեսիվ ու տաքարյուն է:



Դեքստերը հենց ֆիլմի սյուժեն  է, ում հետ մենք հույսեր ենք կապում, փորձում ենք ընկերներ, կին, երեխաներ գտնել: Նրա տեսանկյունից մենք փորձում ենք սովորական իրերին ու երեւույթներին անսովոր երանգներ հաղորդել:

Սերիալի գաղափարախոսությունն  է՝ որքան էլ չցանկանանք, բայց մարդկային էությունը ստիպում է ընտրել մեծ կամ փոքր չարիքի միջեւ:

Մաղթում ենք հաճելի դիտում:



                                                                                       Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE