Դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանը բացահայտում է այս աշնան ամենաթրենդային գույները (ֆոտո)

12:25   3 սեպտեմբերի, 2018

Դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի հետ արդեն զրուցել ենք այն թեմայով, թե ինչ չպետք չէ հագնել այս աշնանը, քանի որ դրանք հակաթրենդ են համարվելու: Այսօր արդեն աշուն է, եւ ինչպես խոստացել էինք՝ չէինք կարող աչքաթող անել սեզոնի կարեւորագույն թրենդները: Չնայած շատ դիզայներներ չեն սիրում թրենդային գույների մասին խոսել՝ նշելով, որ յուրաքանչյուրը պետք է հագնի այն, ինչը բարձրացնում է իր տրամադրությունն ու սազում է կառուցվածքին, Թերեզան NEWS.am STYLE-ին սիրով պատմեց աշնանային ամենանորաձեւ գույների մասին.

«Երբեմն, կարող է թվալ, թե, օրինակ գույների թրենդի մասին խոսելն այդքան էլ իմաստ չունի: Բայց դա կարող է միայն թվալ: Յուրաքանչյուր սեզոնին կա գույների տրամաբանություն, որով ուղղորդվում են արտադրողները:  Մենք, ավելի թարմ կհիշենք վերջին մի քանի սեզոնները, որոնց ընթացքում նորձևությունը չի բացառում որևէ գույն: Այո, չի բացառում, բայց նաեւ պարբերաբար շեշտադրում է այս կամ այն մեկը, մի քանիսը, որոնք էլ դառնում են fashion հասարակության տվյալ սեզոնի նախընտրությունների թոփում»,-ասում է դիզայները:

«Գոյություն ունի դեռ 1962-ին Նյու Յորքում հիմնադրված Pantone անվանումն ունեցող ինստիտուտ (Pantone Color Institute), որի գործունեության առաջնային ուղղությունն է թրենդային գույների կանխատեսումը: Այս ընկերությունը, որի գլխամասը հիմա նույնպես ԱՄՆ-ում է, New Jersey նահանգում,  յուրաքանչյուր տարի իր հետազոտությունների արդյունքում հայտարարում է տարվա առաջնորդող գույնը, գույները, որոնք թրենդային են համարվելու տվյալ սեզոնին (10 գույն) և գույներ, որոնք համարվում են բազային (4-5 գույն)»:

Դիզայների խոսքով՝ այս տարվա գույնը ուլտրամանուշակագույնն է,  որը վառ, արտահայտիչ եւ վճռական գույն է,  համադրելի է ինչպես նույն գույնի այլ երանգների, այնպես էլ շատ այլ գույների հետ: 

«Նրանց, ովքեր մինչ այս խուսափել են ուլտրամանուշակագույնից, առաջարկում եմ ընդամենը մեկ անգամ կրել  և վերջ, այն ձերը կդառնա»,-ասում է նա: 

Այսպիսով՝ Pantone-ը, առանձնացնոլով տարվա գլխավոր գույնը, ներկայացրել է նաև սեզոնների թրենդային 10 գույները, որոնց մասին Թերեզան առավել մանրամասն պատմեց.

«Ինչպես տեսնում եք առաջարկվող գույներից ոչ բոլորն են աշնանային գույների մասին մեր պատկերացումներին նման: Գույները շատ վառ են և ուրախ:

Շարքը սկսվում է բալագույնից, կամ, ինչպես Pantone-ն է ասում՝ «կարմիր տանձ»-ի գույնը:

Հաջորդը valiant poppy գույնն է, դաշտային կակաչի գույնը.

Սա, երևի թե, ամենտաք գույնն է առաջարկվողների մեջ: Եվ որքան ավելի մոտենանք ձմռանը, այնքան այս գույնը գալու է դեպի թոփ:

Անցնում ենք առաջ եւ մյուսը ուլտրակապույտն է, նորից հրաշալի գույն՝ աշնանը վառ կերպարներ ստանալու համար.

Հաջորդ տարբերակը՝ ցեյլոնի դեղինը, հրաշալի կնայվի հենց աշնան առաջին կեսի ընթացքում: Հատկապես խոսքս վերաբերում է հանգստից հետո արեւարյուքով մաշկ ունեցողներին: Այս գույնը մուգ մաշկի հետ շատ գեղեցիկ կոնտրաստ կստեղծի:

Նախորդ վառ գույներից հետո գալիս ենք ամենաաշնանային գույնին՝ զեյթունի կանաչին (martini olive): Ինձ թվում է՝ այս գույնը որևէ այլ սեզոնի տեղին չի լինի կրել:

Սա, իսկապես, այն գույնն է, որը օգնության կգա աշնան զգեստապահարանին, եթե, այնուամենայնիվ, չկարողանաք հրաժարվել աշնանային գույների մասին կարծրատիպերից:

Իսկ ամառվա մասին հիշողությունները մեզ չեն լքի: Նարնջագույնը, կակաչագույնի հետ միասին, ապահովելու են այս աշնան նորաձևության ջերմությունը:

Դե իսկ ուլտրամանուշակագույնի մասին արդեն խոսեցինք: Ներկայացնենք նորաձևության ցուցադրությունների ժամանակ կիրառված օրինակներ նույնպես.

Եթե, ամեն դեպքում ուլտրամանուշակագույնը ձեզ համար համարձակ է թվում, ապա կարող եք ընտրել կրոկուսի տերևի գույնը (crocus petal): Այն ավելի մեղմ է, հանգիստ, բայց միաժամանակ շատ հագեցած, նոր և տպավորիչ:

Իսկ լավատեսների համար առաջարկվում է լիմոնագույնը… Կհարցնեք՝ ինչու՝ որովհետև այլ տրամադրվածությամբ այս գույնը կրել չի ստացվի:

Pantone-ի կողմից առաջարկվող թրենդային գույների տասնյակը եզրափակում է կանաչի շատ հագեցած ու հարուստ մի երանգ, որը թռչունի անուն ունի Quetzal green.

Այն շատ էլեգանտ ու նաև խորհրդավոր կերպարների համար է:

Ինչպես նշել էինք,  բացի սեզոնի թրենդային գույներից, Pantone-ն առաջարկում է նաև սեզոնի բազային գույները:

Այս անգամ սովորաբար առաջարկվող 4 բազային գույնի փոխարեն 5-ն են:

Ինչպես տեսնում եք, բոլորը խամրած գույներ են, հետևաբար ավելի հեշտ կիրառելի են: Սրանք, այո, հենց բազային զգեստապահարնի այս սեզոնի գույներն են: Եթե, այնուամենայնիվ դուք թրենդներին հետևում եք միայն տեղյակ լինելու համար և առանձնապես ձեզ չի անհանգստացնում վերջիններիս հետևելը, դուք կարող եք գնալ ավելի երկարաժամկետ ներդրման և զգեստպահարանը համալրել այս բազային գույներով:

Եվ վերջում, պետք է հիշել, որ մեր տրամադրությունը կարող է էականորեն փոխվել՝ մեր կրած գույներից: Այնպես որ, ընտրեք ձեր իսկ ցանկալի տրամադրությունը»,-հավելեց դիզայները:

Մենք էլ մեր կողմից մաղթում ենք գունեղ եւ դրական աշուն մեր բոլոր ընթերցողներին: Անկախ եղանակից՝ կրեք վառ եւ նորաձեւ գույներ, եւ կնկատեք, թե ինչպես է աշունը կորցնում իր մռայլությունը :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE