Առաջարկում ենք դիտել. «Անտեսանելին»՝ գտիր մարմինդ, քանի դեռ ողջ ես

16:30   3 սեպտեմբերի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է իր բարի ավանդույթն ու այսօր էլ ձեր ուշադրությանն է ներկայացնում մի հետաքրքիր ֆիլմ, որը հաստատ արժե դիտել գոնե մեկ անգամ: Ռեժիսոր Դեւիդ Գոյերի «Անտեսանելին»/The Invisible ֆիլմը 2007 թ-ին է բարձրացել մեծ էկրաններ, սակայն, եթե դուք դետեկտիվի եւ դրամայի սիրահար եք եւ դեռ չեք դիտել այս ֆիլմը, ուրեմն անպայման ուղղեք այդ սխալը:

Ֆիլմը պատմում է մի երիտասարդի՝ Նիկի մասին, որը դպրոցահասակ տղա է: Ինչպես իր շատ տարեկիցներ, Նիկն էլ հաճախ կոնֆլիկտներ է ունենում մոր հետ՝ կարծելով, որ նրան ամեն ինչ հետաքրքրում է բացի իր սեփական որդու կյանքից: Նիկը որոշում է մայրիկից թաքուն գնել ինքնաթիռի տոմս եւ մեկնել Լոնդոն, սակայն նա անսպասելիորեն փոխում է որոշումը, երբ մայրը հայտնաբերում է տոմսը:

Նիկի կյանքում ճակատագրական է լինում Էննիի հետ ծանոթությունը: Էննին աղքատ ընտանիքից է, դժվար կյանքի պատճառով նյարդային է, ինքնամփոփ եւ ինչ-որ մութ գործերի մեջ է միշտ հայտնվում: Մի անգամ նա բոյֆրենդի՝ Մարկոսի հետ թալանում է թանկարժեք զարդերի մի խանութ, իսկ գողոնը պահում է դպրոցական իր պահարանում: Էննին նկատում է, որ Նիկի մտերիմ ընկերը տեսել է, թե ինչպես է ինքը զարդերը դնում պահարանի մեջ: Շուտով ոստիկանությունը հայտնաբերում է աղջկա թաքստոցը եւ կարճ ժամանակով ձերբակալում է նրան: Բանտից դուրս գալուց հետո Էննին եւ նրա ընկերները հարձակվում են Նիկի ընկերոջ վրա՝ կարծելով, թե հենց նա է իրենց մատնել, վերջինս էլ կարծելով, թե Նիկն արդեն Լոնդոն է մեկնել՝ ամբողջ մեղքը գցում է նրա վրա:

Էննին եւ նրա համախոհները գտնում են Նիկին եւ դաժան ծեծի են ենթարկում նրան: Կարծելով,  թե նա մահացել է՝ վախեցած աղջիկը թաքցնում է Նիկի մարմինն անտառում:

Առավոտյան Նիկն արթնանում է եւ հասկանում, որ ոչ ոք նրան չի տեսնում ու չի լսում: Ամեն ինչ պարզ էր՝ դա արդեն ոչ թե Նիկն էր, այլ նրա հոգին, որը զգում էր, որ իր մարմինը դեռ ողջ է: Այժմ նա պետք է գտնի Էննիին, փորձի կապ հաստատել նրա հետ ու պարզել, թե որտեղ է թաքնված իր մարմինը…

«Անտեսանելին» ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Ջասթին Չեթվինն ու Մարգարիտա Լեւիեվան:

Կադրերը՝ ֆիլմից



© NEWS.am STYLE