Մի շարք միջազգային մրցույթների մասնակից 12-ամյա Կարինա Իգնատյանը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը (ֆոտո/վիդեո)

21:07   5 սեպտեմբերի, 2018

Հայ փոքրիկներն այսուհետ իրենց տարեդարձներին կարող են երգել ու պարել նոր ստեղծագործության ներքո: Օրերս ռուսաստանաբնակ երգչուհի՝ 12-ամյա Կարինա Իգնատյանը, ներկայացրել է իր առաջին, բայց համոզված ենք՝ ոչ վերջին տեսահոլովակը, որը կոչվում է Happy Birthday: Երգը փոքրիկ երգչուհուն նվիրել է հորեղբայրը՝ հենց ծննդյան օրը, այն հեղինակել է Լիլի Գրիգորյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Կարինան, չնայած փոքր տարիքին, արդեն հասցրել է ելույթներով ներկայանալ Ռուսաստանի ամենահայտնի երաժշտական նախագծերում եւ մրցույթներում, որոնց մասին երգչուհու մայրիկը՝ Ասյա Իգնատյանը, պատմել է NEWS.am STYLE-ին:

«Կարինան երգում է 6 տարեկանից: Դեռ փոքրուց կենսուրախ եւ ակտիվ է եղել:  Ամեն երեկո մեր տանը համերգներ էր կազմակերպում ընտանիքի անդամների համար: Նկատելով երգի եւ պարի նկատմամաբ նրա սերն ու հակումը՝ որոշեցինք լսել մասնագետի կարծիքը նրա տվյալների վերաբերյալ՝ դիմելով մանկական երգի ստուդիա՝ լսումների: Լսումներից հետո նրան ընդունեցին ստուդիա, որտեղ Կարինան աչքի ընկավ իր աշխատասիրությամբ եւ պարտաճանաչությամբ, եւ իր մասնակցությունը սկսեց ունենալ քաղաքի տարբեր միջոցառումներին»,-նշում է նա՝ հավելելով, որ ընտանիքում բոլոր անդամներն էլ երաժշտության հանդեպ սեր ունեն, ինչից էլ առաջացել է նաեւ Կարինայի սերը դեպի երգարվեստը:

Կարինան մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների, այդ թվում` «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» եւ այլն. ունեցել է երրորդ, երկրորդ եւ առաջին կարգի մրցանակներ, ինչպես նաեւ՝ Գրան-Պրի:

Բացի երգից՝ աղջիկը փայլուն սովորում է դպրոցում, զբաղվում է մեծ թենիսով եւ հաճախում երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին:

Ինչ վերաբվերում է դստեր երաժշտական հետագա ուղու շարունակությանն ու նրա հետ կապված նպատակներին՝ մայրը՝ Ասյան, նշում է.

«Դա մեծամասամբ կախված է երեխայի ցանկությունից: Մենք ամեն դեպքում պատրաստ ենք աջակցել նրան ցանկացած ոլորտում` լինի դա երգարվեստում , թե այլ մասնագիտության մեջ: Տեսահոլովակից հետո այժմ պատրաստվում ենք մեր մասնակցությունն ունենալ Մոսկվայում կայանալիք այնպիսի նախագծերի, ինչպիսիք են՝ «Битва Талантов» եւ «Во весь голос», որտեղ, ի դեպ, Կարինան կներկայացնի Հայաստանը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ասյա Իգնատյանը



© NEWS.am STYLE