Մասնագետի խորհուրդները. աչքի մատիտ

20:31   30 մայիսի, 2013

Կոսմետոլոգների հավաստմամբ, ցանկացած կին պարզապես պարտավոր է իմանալ, թե ինչպես պետք է աչքերին ճիշտ մատիտ քսել: Պարզվում է՝ կոսմետիկայի այս տեսակի օգնությամբ կարելի է տեսողականորեն փոխել ոչ միայն աչքերը, այլեւ ամբողջ դեմքը, հայացքը: Աչքի մատիտի օգտագործման գաղտնիքների եւ խորամանկությունների մասին կպատմի կոսմետոլոգ Մարինե Հովասափյանը:

«Կլոր աչքերին մատիտը քսում են տարբեր հաստությամբ գծով. կոպի մեջտեղի հատվածում՝ բարակ, իսկ ծայրերին՝ հաստ: Նման աչքերին սազում են դեպի քունք ուղղված սլաքները, բայց դրանց երկարությունը չպետք է գերազանցի 5 միլիմետրը: Աչքի արտաքին անկյունից մի փոքր վեր արված գիծը կլոր աչքերին ավելի երկար տեսք կտա:

Նեղ աչքերը կարող է լայնացնել կոպի մեջտեղում հաստ, եզրերին՝ բարակ գիծը: Կոպի մեջտեղում կարելի է մատիտը քսել նույնիսկ ոչ թե թարթիչների աճման գծով, այլ փոքր-ինչ վեր:

Փոքր աչքերը տեսողականորեն մեծացնելու համար սլաքը կոպի մեջտեղից տանում են դեպի աչքի արտաքին անկյուն՝ փոքր-ինչ բարձրացնելով վեր: Աչքերը մեծացնում են նաեւ վերեւի կոպի վրա մարմնագույն, բաց մոխրագույն եւ սպիտակ գույնի մատիտով սլաք անելով:

Խորը տեղադրված աչքերը տեսողականորեն «կտեղաշարժի» վերեւի կոպի մեջտեղից սկսող եւ սահուն կերպով դեպի հոնքը բարձրացող գիծը: Ամենասկզբում այն պետք է լինի շատ բարակ, իսկ ծայրին՝ հստակ եւ արտահայտիչ:

Լայն տեղադրված աչքերին սլաքներ չեն սազում: Դրանց հարկավոր է մատիտ քսել որքան հնարավոր է թարթիչների աճման գծին մոտ»:



© NEWS.am STYLE