«Չէի ուզում, որ այն ավարտվեր». Գեւորգ Հարությունյանը՝ «Նոր Ալիք»-ում իր փայլուն ելույթի եւ ժյուրիի բարձր միավորների մասին

12:06   6 սեպտեմբերի, 2018

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Սոչիում կայացավ «Նոր Ալիք»-ի առաջին մրցութային օրը, որի շրջանակում Հայաստանը ներկայացնող Գեւորգ Հարությունյանը փայլուն ելույթ ունեցավ՝ կատարելով Lost on you երգը:

Հայ կատարողն արժանացավ ժյուրիի ամենաբարձր գնահատականին՝ վաստակելով 100 միավոր, եւ դառնալով մրցույթի առաջատարներից մեկը:

NEWS.am STYLE-ը երիտասարդ կատարողի հետ զրուցել է մրցութային առաջին օրվա հաջողության եւ տպավորությունների մասին:

«Շատ տպավորված եմ։ Այնքան էի սպասել այս պահին։ Որոշել էի պարզապես վայելել բեմը եւ պատմել իմ պատմությունը հանդիսատեսին... Չէի ուզում, որ ելույթս ավարտվեր»,-ասում է Գեւորգը:

«Ես ամիսներով տառապել եմ ինձ համար լավ ելույթներ ապահովելու համար, իմ առավելագույնը անելու եւ իմ պետությունը պատվով ներկայացնելու համար։ Այդ ընթացքում էլ ժամանակ չկար հաշվարկներ անելու, միավորների մասին մտածելու… Ես որոշեցի պարզապես վայելել այդ 3 րոպեները եւ կարծում եմ՝ ժյուրիին դա դուր եկավ»,-հավելեց նա:

Հարցին, թե ժյուրիի անդամներից ում գնահատականն էր նրա համար առավել կարեւոր, Գեւորգը պատասխանեց.

«Չեմ մտածել նաեւ այդ ուղղությամբ։ Նկատած կլինեք երեւի, որ նույնիսկ ժյուրիի անդամներին չեմ նայել։ Այս ելույթը, այդ րոպեները տարիների կուտակած մի էներգիա էր, որ միանգամից տարածվեց։ Ես հուսով եմ, որ մինչեւ վերջ այս նույն եռանդով էլ կընթանա ամեն ինչ ու սա կդառնա ինձ համար բավականին մեծ ճանապարհի սկիզբ»։

Երգիչը հավելում է. «Ինչպես բոլոր մրցույթներում, այստեղ նույնպես անսպասելի իրադարձություններ կային, որ շատերս չէինք սպասում։ Դե մրցակիցներիս արդեն ժյուրին առանձնացրել է եւ պայքարը կլինի միմյանց միջեւ, բայց նորից եմ ասում՝ ես առաջին հերթին եկել եմ բեմը վայելելու համար:) Րոպեներն եմ հաշվում մինչեւ հաջորդ ելույթս»,-եզրափակեց նա:

Իսկ Գեւորգի հաջորդ ելույթը սարերի ետեւում չէ: Այսօր կկայանա «Նոր Ալիք»-ի երկրորդ մրցութային օրը: NEWS.am STYLE-ը կրկին կհետեւի Գեւորգի ելույթին եւ այն կներկայացնի իր ընթերցողներին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գեւորգ Հարությունյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE