Մայրանալ պատրաստվող դիզայներ Արմինե Մարտիրոսյանի զգացողություններն ու խորհուրդը՝ ապագա մայրիկներին

14:05   11 սեպտեմբերի, 2018

Դիզայներ Արմինե Մարտիրոսյանն արդեն 8 ամիս է, ինչ վայելում է հղիության բերկրանքը: Մայրանալ պատրաստվող դիզայները NEWS.am STYLE-ին պատմել է իր զգացողությունների եւ սպասումների մասին: Ամենաոճային հայուհիներից մեկից պարզել ենք նաեւ, թե ինչպես հղի կանայք կարող են համատեղել հարմարավետությունն ու նրբաճաշակությունը:

Զրույցի սկզբում անդրադարձանք յուրաքանչյուր կնոջ կյանքի, թերեւս, ամենաբաղձալի պահերին՝ ապագա փոքրիկի սպասումին:

«Հղիությանս 8-րդ ամսում եմ, ժամանակը շատ արագ է անցնում: Ի սկզբանե ես եւ ամուսինս որեւէ նախապատվություն չենք ունեցել երեխայի սեռի հետ կապված: Բախտս շատ է բերել՝ ամուսինս շատ է սիրում երեխաներին, երբեք սեռի հետ կապված խոսակցություն չենք ունեցել: Սպասում ենք մեր գեղեցկուհու լույս աշխարհ գալուն:)»,-նշեց նա եւ հավելեց, որ, նույնիսկ, հղիության ընթացքում ակտիվորեն զբաղվում է իր աշխատանքով.

«Առօրյաս, գրեթե, չի փոխվել: Աշխատում եմ նույն եռանդով, ուղղակի փորձում եմ ավելի շատ հանգստանալ, ինչն այդքան էլ լավ չի ստացվում:)»,-խոստովանում է ապագա մայրիկը:

Նրբաճաշակությամբ աչքի ընկնող դիզայներից հետաքրքրվեցինք՝ արդյոք հղի կանանց համար գոյություն ունի նորաձեւություն, եւ ինչ պետք է կրեն ապագա մայրերը՝ ոճային եւ նրբագեղ երեւալու համար:

«Երեւի՝ 8 ամիս առաջ այդ հարցին հստակ չկարողանայի պատասխանել, բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ հղի կինն ունի բոլոր հնարավորությունները գեղեցիկ տեսք ունենալու համար, քանի որ արդեն մեծ տեսականիներ կան հղի կանանց համար տարբեր խանութներում, իսկ երեկոյան անթերի կերպարի համար կինը միշտ կարող է դիմել մասնագետի, որը կապահովի երեկոյան զգեստի տեսքն ու հարմարավետությունը»:

Այս շրջանում Արմինեն հաճախ կրում է հենց իր հեղինակած զեստները, սակայն հղիների համար առանձին հավաքածու դեռեւս չի ծրագրում ստեղծել.

«Հարմարավետությունից ելնելով՝ ամեն հղի կնոջ հարկավոր է ինդիվիդուալ մոտեցում ցուցաբերել: Փորձում եմ ինքս իմ երեկոյան կերպարներով ցույց տալ, թե ինչ կարելի է հագնել հատուկ միջոցառումներին»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE