Առաջարկում ենք դիտել. «Մինչ քեզ հանդիպելը»

17:23   11 սեպտեմբերի, 2018

Էմոցիաներ՝ ծիծաղ, հուզմունք, լաց, խորը հոգեբանություն եւ անձի անհատական ապրումներ. մենք երաշխավորում ենք, որ էմոցիոնալ ցանկացած դրսեւորում կկարողանաք վերապրել, եթե հանկարծ որոշեք դիտել Տեա Շերոքի «Մինչ քեզ հանդիպելը»/Me Before You դրաման, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Էմիլիա Քլարքն ու Սեմ Քլաֆլինը:

Ֆիլմը Ուիլի եւ Լուի անսպասելի ծանոթության եւ զգացմունքների մասին է:

Ուիլը երիտասարդ է, որն արդեն մի քանի տարի է՝ ճանապարհային պատահարի պատճառով գամված է անվասայլակին, քանի որ չի կարողանում շարժել ոչ ձեռքները, ոչ ոտքերը:

Լուն երիտասարդ ու կենսախինդ աղջիկ է՝ կիրթ եւ ինքնաբավ, որը, չգիտես՝ ինչու, չի կարողանում գտնել իրեն հարմար աշխատանք, բայց քրոջ ուսման համար գումար է անհրաժեշտ եւ նա պատրաստ է ամեն աշխատանք կատարել՝ ընտանիքին օգնելու համար:

Աշխատանքի որոնումները Լուին տանում են Ուիլի առանձնատուն: Աղջիկը գիտեր, որ ստիպված է լինելու խնամել հաշմանդամություն ունեցող մի մարդու, սակայն նա չէր էլ կարող պատկերացնել, որ իր գործատուն այդքան երիտասարդ է եւ հմայիչ, սակայն ցավոք՝ արդեն կյանքի հարվածների միջով անցած: Չնայած բարդ բնավորությանն ու կամակորությանը՝ Ուիլը մի քանի օրերի ընթացքում կարողանում է գրավել աղջկա սիրտը, իսկ Լուի միակ նպատակն այնուհետեւ դառնում է Ուիլին ճակատագրական որոշումից հետ պահելը: Կկարողանա՞ արդյոք Լուն իր սիրո եւ հոգատարության շնորհիվ համոզել երիտասարդին անկախ դժվարություններից՝ շարունակել ԱՊՐԵԼ, թեկուզ միայն հանուն իրեն…

Ֆիլմն էկրաններ է բարձրացել 2016 թ-ին: Սցենարային առումով այն նման է հնդկական արտադրության «Աղերսանք»/Guzaarish (2010) ֆիլմին, որտեղ եւս շոշափվում է էֆտանազիայի թեման, իսկ գլխավոր հերոսներին հնդկական տարբերակում մարմնավորում են Այշվարիա Ռայն ու Ռիթիկ Ռոշանը:

Կադրերը՝ ֆիլմից



© NEWS.am STYLE